ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է դիմել ընդդեմ է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող հատուկ նշանակության հողատարածքը և դրա վրա կառուցված շինությունները, այդ թվում՝ զորանոցը։
«Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքը, որից զորանոցը՝ 621.81 քմ, բնակելի շինությունը՝ 121.77 քմ, քարե շինությունը՝ 66.16 քմ, ճաշարանը՝ 225.7 քմ, պահեստը՝ 39.65 քմ, փայտե տնակը՝ 48 քմ, լոգարանը՝ 27 քմ, փայտե տնակը՝ 48 քմ և հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը 2014 թվականի հուլիսի 24-ի պայմանագրով 8.717.184 դրամով օտարվել է Ա.Ս.-ին»,– ասված է մեղադրանքում։
Ըստ դատախազության` հետագայում` 2017 թվականի հուլիսի 17-ին, նույն գույքը՝ ներառյալ զորանոցը, ընդամենը 400.000 դրամով օտարվել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
Դատախազության հարուցած գործին արձագանքել է սրբազանի փաստաբաններից Տաթևիկ Սողոյանը` շեշտելով, որ Բագրատ սրբազանի դեմ իրավական արշավը շարունակվում է։ Նա մանրամասնել է, թե ինչ հողատարածքի մասին է խոսքը։
«Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով և վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա և մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը)։ 2020թ. Covid–ի և պատերազմի ճգնաժամի հետևանքով ֆերմայի գործունեությունը և արտադրությունը կասեցվել է։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռևս կրում է Բագրատ սրբազանը»,– գրել է նա։
Փաստաբանը հիշեցրել է, որ 2023թ–ին դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե` 2014թ–ին, պետությունից հողատարածքը օտարվել էր երրորդ անձի և այդ գույքը վերադարձվել պետությանը։ Սողոյանի խոսքով` Բագրատ սրբազանը և «Տավուշ էկո միթ» ընկերությունը` որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն, գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։
«Գործի քննության ընթացքում դատախազը շարունակաբար հրաժարվում էր տրամադրել ապացույցներ հայցային վաղեմության հարցը պարզելու համար. մե՛կ սխալ ապացույց էր ներկայացնում, մե՛կ ասում էր՝ չկա նման ապացույց։ Ի վերջո դատարանի պահանջով միայն ներկայացնում է անհրաժեշտ թղթերը։ 2025թ–ի դեկտեմբերին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռն օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն»,– նշել է Տաթևիկ Սողոյանը։
Սողոյանը նկատել է, որ չնայած գործով դեռևս վերաքննիչ դատարանի որոշում չի կայացվել, դատախազությունը չի սպասել դրա արդյունքներին և նոր հայց է ներկայացրել դատարան՝ նույն բովանդակությամբ պահանջով։ Նրա գնահատմամբ` կրկին Բագրատ սրբազանին ունեզրկելու փորձ են անում։
