Логотип

Բագրատ սրբազանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց

«Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց դատախազի Հայկ Հովհաննիսյանի միջնորդությունը։

Մինչ այդ սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ Բագրատ սրբազանին ՔԿՀ-ում պահելն անարգանք է ՀՀ իրավապահ համակարգի և արդարադատության նկատմամբ։

«Մեղադրանքի հիմնված է կեղծ ապացույցների վրա։ Բոլոր կեղծ ապացույցները դրված են եղել այս գործով բոլոր մեղադրյալների նախաքննական կալանքների հիմքում, դատարանն էլ ի գիտություն է ընդունել կալանքների առկայությունը, չի անդրադարձել հիմնավոր կասկածին և անցել առաջ։ Արդյոք դատարանը հիմնավոր կասկած գնահատելո՞ւ է՝ հաշվի առնելով, որ կան կեղծ ապացույցներ, թե՞ ոչ»,– շարունակեց Խուդոյանը։

Իր խոսքում էլ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ իրեն ու գործով անցնող Լիդա Մանթաշյանին 2 օր առաջ կանչել են Քննչական կոմիտե։

«Հարգելի դատավոր, դուք տեղյակ եք, ձեզ տեղեկացրել ե՞ն, որ այս դատավարության գործընթացով անցնող 2 անձի կանչել են Քննչական կոմիտե։ Տեղյակ ե՞ք, ինչ կարգավիճակով և ինչ կարգավիճակով եմ ներգրավված գործի մեջ։ Գիտե՞ք, չգիտեք՝ հարցրե՛ք, թող ասեն»,– ասաց Բագրատ սրբազանը։

Նա կրկին անդրադարձավ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանի հայտարարությանը, թե գործում փաստ կա` ահաբեկչություն կատարելու խոստովանության մասին։

Նշենք, որ նոյեմբերի 5-ին Արթուր Պողոսյանը Ազգային ժողովում ասաց` գրավոր ապացույցներ կան, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող անձինք իրենք իրենց արարքը որակել են ահաբեկչություն։

«Ինձ կանչել են Քննչական կոմիտե, որ ծածկադմփոց անեն իրենց խայտառակ հայտարարությունը։ Ուղղակի ասում եմ, որ այդ տեքստը, որի վրա Քննչական կոմիտեի ղեկավարը ասում է, թե իմ ձեռքով է գրված, հիմա էլ եմ ասում` ոչ իմ ձեռքով է գրված, ոչ էլ գիտեմ, թե որտեղից է եկել այդ թուղթը։ Ողջամիտ կասկած ունեմ, որ այդ թուղթն իրենք են սարքել ու դրել մեր պահարանների մեջ։ Եթե այդ թուղթը ես էի գրել, ապա ինձ պետք էր ուղարկել հոգեբուժարան, որ այդ արարքը չանեի։ Մի տվյալ ասեմ, որ գրված է այդ թղթում, որ ես պլանավորում եմ 150 -250 հոգի գերեվարել Ադրբեջանի տարածքից, Նախիջևանից և Արցախից։ Ես պլանավորում եմ 40-50 կմ խորանալ Թուրքիայի տարածք և 24 ժամ անդադար ռմբակոծել։ Հիմա սա հոգեկան մարդու գրվածք է, թե՞ ոչ, այդ դեպքում ինձ ինչու եք տարել կալանավայր, պետք է տանեն հոգեբուժարան»,– շարունակեց սրբազանը։

Բագրատ սրբազանը հավելեց, որ փաստական զեղծարարության և կեղծիքի հիմքով հաղորդում են ներկայացնելու Քննչական կոմիտեի ղեկավարի նկատմամբ։

Sputnik Արմենիա