Логотип

Բագրատ սրբազան․ Ես էլ պաշտոնապես հայտարարում եմ՝ ձայնագրությունում ես չկամ

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը վստահ է՝ որևէ մեկը չի կարող ապացուցել, թե ով է խոսում աղմկահարույց ձայնագրություններում։ Նա այդ մասին հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, որտեղ ընթանում է սրբազանի և 17 անձանց գործով դատական նիստը։

Բագրատ սրբազանն ընդգծեց` մեղադրող կողմի ներկայացրած ձայնագրությունները պետք է փորձաքննություն անցնեն։

«Ըստ էության, մենք շենք ենք կառուցում, բայց սկսել ենք 3-րդ, 4-րդ կամ 5-րդ հարկից։ Այս շենքը հիմք չունի։ Ի՞նչ իրավունքով են մարդիկ թույլտվություն ստացել իբր ձայնագրություններ անելու համար։ Ասում ենք` ձայնագրությունները փորձաքննություն անցնեն, ասում եք՝ հետագայում կանեք։ Ես էլ հիմա պաշտոնապես հայտարարում եմ՝ ձայնագրություն կոչվածների մեջ ես չկամ։ Թող որևէ մեկն ապացուցի, որ ես եմ, Իգորն է, Տիգրանն է, Հայկն է կամ մեկ ուրիշը։ Չեք կարող ապացուցել»,- ասաց սրբազանը։

Նա նշեց` չի կարելի հերքել այն կասկածը, որ այդ ձայնագրությունը սարքված է, և այս հանգամանքը քննելու փոխարեն ինչ-որ խոսակցություններ են քննվում։ Սրբազանն ընդգծեց` ինքն այդ խոսակցության վայրում չի եղել, թող փաստեր բերեն, որ եղել է։

Նույն գործով անցնող պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ ընդգծեց, որ որևէ նիստում և առհասարակ դատավարության մեջ արդարադատություն չկա։

«Օգոստոսին պետք էր, որ Բագրատ սրբազանն ու իր աջակիցները լինեին անազատության մեջ, որպեսզի ԱՄՆ-ում միջանցքը Ալիևին հանձնեն։ Հիմա էլ երկրորդ փուլն է եկել, պետք է ձգեն մինչև հունիսի 7-ը՝ ընտրությունները։ Ես անկեղծ հավատում եմ ձեզ (դիմեց դատավորին. խմբ․), բայց այդ հավատալու իմաստը ո՞րն է, եթե արդարություն չկա, մեզ էլ պահում եք ծրագրերն իրականացնելու համար»,- ասաց նա։

Ֆարխոյանն այս ելույթը վիրավորական համարեց և սահմանափակեց պատգամավորի խոսքը։ Նրա խոսափողը անջատեցին։

Դատարանը հայտարարեց նախնական դատալսումների փուլի ավարտ։

Sputnik Արմենիա