Արցախից բռնի տեղահանվածներին պետության կողմից տրվող գումարը բավարար չէ լուծելու բնակարանային խնդիրները և արդյունքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարան չեն ստացել։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Որոշ անձնագրային վարչություններում էլ խնդիրներ կային արցախցիներին քաղաքացիություն տրամադրելու հարցում, նաև վերաբերմունքի հարցով որոշակի խնդրահարույց դեպքերի ենք առնչվել։ Հիմա չեմ նշի, թե կոնկրետ որ բաժանմունքների մասին է խոսքը, քանի որ իրենք արդեն զգուշացվել են այդ մասին, սակայն խնդիրներ ակնհայտ կան»,– ընդգծեց նա։
Ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ պատգամավորի նշած խնդիրների գլխավոր պատճառը ՀՀ քաղաքացիություն չստանալու հետ է կապված։ Չնայած դրան, ըստ փոխնախարարի, ԼՂ–ից բռնագաղթած 26 հազար մարդ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն, որից 3600–ից ավելի ընտանիք ստացել է հավաստագիր կամ գնել բնակարան։
«Մենք ուեննք բազմաթիվ դեպքեր, երբ չեն դիմել քաղաքացիություն ստանալու համար, բայց դժգոհում են, որ գումարը չի բավարարում։ Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, որ մեր հայրենակիցներից շատերն անցել են և իրականացրել իրենց իրավունքը»,– հայտարարեց Խաչատրյանը։
«Հայաստան» խմբակցության պատագմավոր Աննա Գրիգորյանն իր հերթին հայտարարեց` միայն այն, որ ընդամենը 16 հազար արցախցու է բնակարան տրամադրվել, նշանակում է, որ ծրագիրը լավ չի աշխատում։
«Իմ բոլոր շփումներն այն եզրակացությանն են բերել, որ տրվող գումարների չափը բավարար չէ։ Մարդիկ, երբ ընտրում են բնակարան, հիմնականում ընտրում են այն բնակավայրերը, որտեղ կա զբաղվածություն։ Այն գումարը, որ տրվում է Երևանի և մերձերևանյան հատվածներում բնակարան ձեռք բերելու համար, պետք է բարձրացվի»,– նշեց Գրիգորյանը։
Փոխնախարար Խաչատրյանը չհամաձայնեց նրա հետ` նշելով, որ ծրագիրն ընդամենը մեկ տարի առաջ է գործարկվել և իրականացվելու է մինչև 2029 թավականը։
«Այս ընթացքում, կարծում ենք, ծրագիրը լիարժեքորեն կծառայի իր նպատակին։ Ինչ վերաբերում է գումարների չափերի փոփոխությանը, ապա վստահեցնում ենք, որ կառավարությունն այստեղ նպատակ չունի ֆորմալ որոշումներ կայացնել, և գումարները չծառայեցնել իր բուն նպատակին։ Մեր նպատակն է, որ մեր բոլոր հայրենակիցները բնակարաններով ապահովված լինեն»,– հայտարարեց Խաչատյանը։
Նա տեղեկացրեց, որ 2024 թ. 65 մլրդ դրամ է ծախսվել ԼՂ–ից բռնի տեղահանվածների ծախսերը հոգալու համար, իսկ 2025 թվականին այդ ծասերը կգերազանցեն 40 մլրդ դրամը։
Նշենք, որ ԱԺ–ն այսօր քննարկում էր Ասիական զարգացման բանկից նոր վարկ ստանալու համաձայնագիրը, ըստ որի՝ շարունակվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակապահովման պետական ծրագիրը։ Վարկի չափը կազմում է 250 մլն ԱՄՆ դոլար։ Այն Հայաստանին տրամադրվում է 27 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետը 10 տարին է։ Վարկի տոկոսադրույքը լողացող է։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
2025–ի 9 ամսվա հաշվարկով` ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 17 180-ի անձի։
Sputnik Արմենիա
