Логотип

Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ նշաններից դատելով՝ կարող ենք ասել, որ բարձրաստիճան հոգևորականները կարծես թե որոշել են դուրս գալ «եթե քեզ ապտակում են, մյուս այտդ էլ դեմ տուր» քրիստոնեական դիրքորոշումից և ինչ-որ հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ։

Անցած կիրակի Հովհաննավանքում ֆեյք պատարագից և կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցին զավթելուց օրեր անց հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել այդ դեպքով, իսկ երեկ Մայր Աթոռը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։

Մեր տեղեկություններով՝ մի քանի օր է պահանջվել Վեհափառին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ ու հաղորդում ներկայացնել Հովհաննավանքի ֆեյք պատարագի փաստով, և հաղորդումն Արա Զոհրաբյանը նախօրեին ներկայացրել է դատախազություն։

Արա Զոհրաբյանը կիրակնօրյա «պատարագից» առաջ ևս մեկ հաղորդում է ներկայացրել՝ կրոնական ծեսի անցկացմանը խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաև՝ տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին:

Պահանջել է նաև Ստեփան Ասատրյանին վտարել Հովհաննավանքից, որը նախատեսված է բացառապես հոգևորականների համար։ Իսկ Մայր Աթոռը երեկ հայտարարեց, որ «Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են», և «Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման»։

News.am