Բաքուն կրկին Երևանից պահանջում է հեռացնել Եվրամիության մոնիթորինգային առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանից։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն:
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ լուրջ մտահոգության մասին, որը հակասում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Հակառակ տարածաշրջանային կայունության ու Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ արված հայտարարությունների, առաքելությունն իրականում օգտագործվել է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք», – հայտարարել է նա տեղական լրատվամիջոցներին։
Ադրբեջանում հույս ունեն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո «Հայաստանը կկատարի այդ հարցով իր պարտավորություններն»:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Երևանն ու Բրյուսելը կքննարկեն ԵՄ առաքելության ձևաչափի հարցը:
Sputnik Արմենիա
