Логотип

Բաքուն շնորհակալություն է հայտնել գործընկերներին, այդ թվում Հայաստանին՝ Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար

Ադրբեջանի արտգործնախարարությունն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք երեկվանից իրենց աջակցությունն են հայտնել Բաքվին՝ Իրանի կողմից անօդաչուներով հարձակման ենթարկվելու կապակցությամբ։

Արտգործնախարարության՝ X սոցիալական ցանցի էջում հրապարակվել են նաև Ադրբեջանին աջակցություն հայտնած երկրների դրոշները, որոնց թվում նաև հայկական եռագույնն է։

«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանին ցուցաբերված համերաշխությունը և մեր երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անքակտելիությանը այս երկրների կողմից աջակցության վերահաստատումը։ Շնորհակալ ենք բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին, ովքեր կանգնած են Ադրբեջանի կողքին այս ժամանակներում»,– նշվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ նախօրեին Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության՝ կողմերը մտահոգություն են հայտնել և նշել լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

News.am