Логотип

Բաքուն Վաշինգտոնի համաձայնագրերը չկատարելու դեպքում կարող է ենթարկվել պատժամիջոցների. օրինագիծ ԱՄՆ Կոնգրեսում

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Դարել Իսսան օրինագիծ է ներկայացրել Կոնգրես:

Օրինագծի հիմնական նպատակն է կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի գործողությունները և ամրապնդել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի շրջանակը։

«Ամերիկյան առաջնորդությունը անփոխարինելի տարր է, որը կարող է իսկապես հաստատել պատվավոր խաղաղություն այն տարածաշրջաններում, որոնք չափազանց երկար ժամանակ տառապել են պատերազմից»։ Շատերն անհնար էին համարում համաձայնության հասնել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները և կանխելու Հայաստանի դեմ ագրեսիան, սակայն նախագահ Թրամփի խաղաղության նախաձեռնությունը և՛ ռազմավարական է, և՛ իրատեսական՝ մերժելով առկա գլոբալ ստատուս քվոն: ««ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ակտը(The PEACE Act) իրական հետևանքներ է սահմանում համաձայնագրի ցանկացած խախտման համար և ամրապնդում է Թրամփի վարչակազմի շարունակական դիվանագիտական ​​ջանքերը՝ հանուն ինքնիշխանության և կայունության»,- նշել է Իսսան։

Իր հերթին, կոնգրեսական Բիլիրակիսը նշել է. «Այս օրինագիծն աջակցում է մեր հայ գործընկերներին, նախատեսում է պատասխանատվություն ագրեսիայի գործողությունների համար և կենտրոնանում է ինքնիշխանության և տարածաշրջանային անվտանգության նկատմամբ հարգանքի վրա հիմնված խաղաղ կարգավորման վրա»։

PEACE Act-ի հիմնական դրույթներն են.

նոր ագրեսիայի կանխարգելում. եթե ԱՄՆ նախագահը որոշի, որ Ադրբեջանը թշնամական գործողություններ է կատարել Հայաստանի նկատմամբ, պատժամիջոցներ կկիրառվեն պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների, ստորաբաժանումների, հանցակիցների և դրանց առնչվող օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ։

Ֆինանսական սահմանափակումներ. միջոցառումներ են ձեռնարկվում օտարերկրյա ֆինանսական հաստատությունների նկատմամբ, որոնք գիտակցաբար նպաստում են նավթին առնչվող խոշորածավալ գործարքներին որոշակի ադրբեջանական կառույցների համար։

Մարդասիրական խողովակների պաշտպանություն. պահպանվում են բացառությունները գյուղատնտեսական արտադրանքին, սննդին, դեղորայքին և բժշկական սարքավորումներին առնչվող գործարքների, ինչպես նաև ԱՄՆ հետախուզությանը և պայմանագրային պարտավորություններին առնչվող գործունեության համար։

Դիվանագիտական ​​աջակցություն. թույատրում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել այն անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք միտումնավոր փորձում են հետաձգել կամ խաթարել այս տարվա համատեղ հռչակագրում նախատեսված խաղաղության համաձայնագրի իրականացումը։

Ստուգման մեխանիզմ. ԱՄՆ նախագահը պարտավոր է պարբերաբար զեկուցել Կոնգրեսին ցանկացած թշնամական գործողության, ինչպես նաև պատժամիջոցների արդյունավետության և կարգավիճակի մասին։ Օրինագիծը ներառում է չափանիշներ դրա դադարեցման համար և կիրառման յոթնամյա ժամկետ։

Global ARM-ի նախագահ Թիմոթի Ջեմալը հայտարարել է. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ակտը (The PEACE Act) հիմնարար նշանակություն ունի ադրբեջանական ագրեսիան զսպելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղությունը աջակցելու համար։ Մենք ողջունում ենք կոնգրեսականներ Իսսայի և Բիլիրակիսի առաջնորդությունը Հարավային Կովկասում ԱՄՆ ռազմավարական շահերը պաշտպանելու այս կարևորագույն օրենսդրական ակտը ներկայացնելու գործում»։

News.am