Логотип

Բաքուն ևս մեկ «դատավարության» է պատրաստվում. Ավանեսյանի «գործով» նիստի օր է նշանակվել

«Ահաբեկչության և այլ ծանր հանցագործությունների» մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի դեմ «գործով» նախնական «դատական նիստի» օր է նշանակվել է։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ Ստեփանակերտի բնակչի «գործն» ուղարկվել է Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Իլկին Իբիշովին։ Նախնական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։

2025 թվականի սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ–ները, հղում անելով ՆԳՆ–ին, հայտնել էին, որ «ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել»։ Նրանց վարկածով՝ Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր երեք նռնակ է նետել և ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին։ Ինքն էլ է վիրավորվել։ Որպես «ապացույց» կադրեր էին հրապարակվել, որոնցում միայն երևում էր, թե ինչպես է տղամարդը պայուսակն ուսին շրջում քաղաքում։

Ավանեսյանի հետ կապված միջադեպը մեկնաբանել էին ՀՀ ԱԺ ընդդիմության ներկայացուցիչները։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է պատերազմել հայերի դեմ և նրանց ներկայացնել որպես թշնամիներ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ նշել էր, որ միջադեպը հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեի ՀՀ իշխանությունների հորդորներին, մնային ու ապրեին Արցախում` ադրբեջանական վերահսկողության և ատելության միջավայրում: Եթե 2023 թվականի իրադարձություններից հետո Արցախում մնացել էր մոտ 50 հայ, ապա այսօր նրանց թիվը չի գերազանցում 10-ը։

Sputnik Արմենիա