Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, ժամանեց Երևան։ Նա «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղևորվելու է ամուսնու մոտ՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
«Ես շատ ուրախ եմ։ Ուզում եմ տեսնել Վիգենին՝ 5 տարի անց։ Ինձ համար այս պահին ամենակարևորն այն է, որ Վիգենին տեսնեմ, չեմ հավատում, որ սա իրականություն է։ Երբ Վիգենը Լիբանան հասնի, մենք անպայման մեր որդու հարսանիքը կանենք»,- նշեց Լինդան և այլևս չկարողացավ խոսել, քանի որ շատ հուզված էր։
«Զվարթնոց» օդանավակայանում նա հուզվեց` տեսնելով իրեն դիմավորելու եկած լրագրողներին ու մյուս քաղաքացիներին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14–ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին:
Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։
Sputnik Արմենիա
