Բաքվում հրապարակվել են Արցախի նախկին ղեկավարների գործով առաջին դատավճիռները։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը: Տասնհինգ հայ գերիներից յոթը Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն են. Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Դավիթ Մանուկյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Բաբայան, Դավիթ Իշխանյան: Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով. 422 հատորից 400-ը որոշել են քննել առանձին, չնայած իր գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին:
Սա ինքնին արդեն բավական խոսուն փաստ է: Բայց համատեքստը ոչ միայն վրդովեցուցիչ է դարձնում կատարվող ամենը, այլև վերածում դարաշրջանի խորհրդանիշի:
«ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾԵՍ, ԵՎ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, արդարադատություն կամ նույնիսկ դրա իմիտացիա չէ։ Դա վրեժի քաղաքական ծես է։ Երբ պարտված կողմի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դատում են «հաղթող երկրում» առանց միջազգային մանդատի, նախապես հայտնի ելքով, իրավական կարգը դադարում է որևէ դեր խաղալ, քանզի իրավական էությունն իսպառ բացակայում է:
Ցմահ ազատազրկումն այս դեպքում լոկ «պատիժ» չէ։ Դա ազդանշան է.
հայ հասարակությանը՝ առ այն, որ դիմադրությունը պատժելի է ընդմիշտ,
տարածաշրջանային էլիտաներին՝ որ կապիտուլյացիային այլընտրանք չկա,
միջազգային հանրությանը՝ «մենք կարող ենք դա անել, և ոչ մի պատիժ էլ դրա համար չենք կրի։
Առանձնակի ցինիզմն այն է, որ դատավճիռները հնչեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակի հանձնման արարողությունից անմիջապես հետո։ Բեմում՝ խաղաղություն, երկխոսություն ու եղբայրություն: Կուլիսներում՝ ցմահ ժամկետներ:
Սա դասական ավտորիտար պիար է. արտաքուստ՝ խաղաղարար, ներքուստ՝ կացնով դահիճ։ Եվ դա նաև տեստ է: Սա էլ կուլ կտա՞ն արդյոք:
Ինչի՞ համար են իրականում դատում Արցախի նախկին ղեկավարներին։ Դատում ու դատապարտում ցմահ ազատազրկման։ Բնավ ոչ սպանությունների համար, ոչ ագրեսիայի, ոչ ահաբեկչությունների, ոչ միջազգային կոնվենցիաների խախտման, քանզի նման բան չի եղել բացարձակապես։ Նրանց դատում են Արցախը ղեկավարելու համար։ Այն բանի համար, որ գոյություն ուներ երկիր, որն անկախություն էր հռչակել ժողովրդավարական հանրաքվեի միջոցով. քվեատուփերի, այլ ոչ թե զենքի։ Նրա համար, որ այդ մարդիկ կատարել են իրենց պարտականությունները՝ եղել նախագահներ, նախարարներ, տասնամյակներ շարունակ սեփական քաղաքական կյանքով ապրող իրենց հանրապետության բանակի հրամանատարներ։
Ըստ էության, մեղադրանքը հանգում է մեկ բանի. դուք հանդգնել եք իշխանություն լինել ազատ հանրապետությունում։
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՇԱՐԱԴՐՈՒՄ
Արցախը ճանաչված չէր, այո։ Բայց հակամարտության կարգավորման գործընթացը ճանաչված էր։ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ–ը, Ռուսաստանը և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում զբաղվում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Եվ նրանք բանակցում էին ոչ թե դատարկության, այլ կոնկրետ պաշտոններ զբաղեցնող ու կոնկրետ մանդատ ունեցող կոնկրետ մարդկանց հետ։ Այդ մարդիկ մասնակցում էին հանդիպումներին, ըստ էության՝ ընդունվում որպես հակամարտության կողմ. քաղաքակիրթ աշխարհը ի դեմս նրանց տեսնում էր ոչ թե «անջատողականներ» կամ «հանցախմբերի ղեկավարներ», այլ քաղաքական ղեկավարություն։
Այսօր Ադրբեջանը դատում է նրանց, ում լեգիտիմությունը երեկ դե ֆակտո (այո՛, դե ֆակտո) ճանաչել են համաշխարհային հիմնական տերությունները: Սա ոչ թե պարզապես իրավական պարադոքս է, այլ անցյալի գիտակցված վերաշարադրում հետին թվով։
Եթե ընդունենք այդ «դատավարության» տրամաբանությունը, ապա հանցագործություն է ժողովրդի քաղաքական ինքնորոշման բուն իրավունքը, նույնիսկ եթե այն իրագործվել է խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով։
Եվ ահա այստեղ անդունդ է բացվում, եթե աշխարհը կուլ տա Բաքվում տեղի ունեցող ամենի հրեշավորությունը. ցանկացած բանակցություն կարելի է հայտարարել «հանցավոր դավադրություն», ցանկացած ինքնավարություն՝ «ապօրինի ռեժիմ», ցանկացած բանակցողի՝ «ահաբեկիչ» կամ «ռազմական հանցագործ»։
Սա արդարադատություն չէ և ոչ էլ նույնիսկ վրեժ։ Սա բարբարոսի պատժիչ փիլիսոփայություն է. անցյալն անօրինական հայտարարել ամբողջությամբ՝ մարդկանց հետ միասին: Ամենաիսկական ֆաշիզմ: Մեղադրյալի աթոռին պետք է նստի Ադրբեջանի ղեկավարությունը. այն երկրի, որը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ, 10 ամիս պահել մարդկանց տոտալ շրջափակման մեջ, ողջ հայ բնակչությանը վռնդել Արցախից և բազմաթիվ այլ ոճիրներ գործել. արգելված զենքի կիրառումից մինչև հայկական եկեղեցիների ոչնչացում։ Դա արդար կլիներ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՈՐՊԵՍ ԼՈՒՌ ԴԵՐԱԿԱՏԱՐ
Իսկ միջազգային հանրությունը՝ ի՞նչ։ Չէ որ ռազմագերիներն ու հետպատերազմյան շրջանում գերևարված քաղաքական պատանդները միջազգային մեխանիզմների անմիջական պատասխանատվության գոտին են։ Բայց երբ ամեն մեկը զբաղված է իր գործերով ու շահերով, ուրիշ պատերազմներով, և նախընտրում է «կայունությունը», իրավունքը վերածվում է գորշ գոտու՝ առանց վկաների:
Ամենացավալին. նույն այն պետությունները, որոնք տասնամյակներ շարունակ բանակցել են Արցախի նախկին ղեկավարների հետ, հանդիպել, սեղմել նրանց ձեռքը, այսօր ձևացնում են, թե նրանք երբեք գոյություն չեն ունեցել: Քաղաքական ամնեզիան հանցագործությանը մեղսակցելու շատ հարմար ձև է։
Բայց ամենից հրեշավորը հայկական ղեկավարության դիրքորոշումն է։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Փաշինյանը կուլ է տալու Ալիևի նաև այս «ապտակը»։ Վարքագիծն արդեն մշակված է. լռություն, դադար, ապա ռացիոնալացում: Սկզբում՝ «մի՛ վնասիր բանակցություններին»։ Այնուհետ՝«մենք լծակներ չունենք»։ Հետո՝ «մենք նայում ենք ապագային»: Դիվանագիտական լեզվից թարգմանած մարդկայինի՝ այո, կուլ կտանք, միայն թե ավելի չվատթարանա:
Ցավն այն է, որ «վատթարի» աստիճանը ամեն անգամ ավելի է բարձրանում: Երեկ՝ ձերբակալություններ։ Այսօր՝ ցմահ ազատազրկման դատավճիռներ։ Վաղը՝ ինչ ասես, և ամեն ինչ կբացատրվի «ցավոտ է, բայց անհրաժեշտ՝ հանուն խաղաղության» ոգով:
Փաշինյանը ոչ թե պարզապես կուլ է տալիս, այլ «նորմալացնում» է։ Երբ վարչապետը փաստացի հրաժարվում է հրապարակավ պաշտպանել իր հայրենակիցներին, որոնք «մեղավոր» են լոկ նրանում, որ կատարել են իրենց պարտականությունները Արցախի ղեկավարման գործում, ապա դա դառնում է նոր կարգ. գերիներ այլևս չկան, կա «ուրիշի իրավասություն»։
Ալիևի համար նա իդեալական գործընկեր է. ճնշում՝ առանց հետևանքների, ահագնացում՝ առանց պատասխանի, «խաղաղ գործընթացի» միջազգային ցուցափեղկ՝ առանց ներքին արժեքի։
ԴԱՏԱՎՃԻՌ ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ
Ադրբեջանում հայերի նկատմամբ «դատավարությունները», չենք խոսում արդեն դատավճիռների մասին, ոչ այլ ինչ են, քան ցուցադրական հաշվեհարդար մի աշխարհում, որտեղ խաղաղության խորհրդանիշները իրական մարդկանցից ավելի բարձր են գնահատվում։ Այսօր՝ մեդալ, վաղը՝ ցմահ բանտարկություն։ Եվ ոչ ոք հակասություն չի տեսնում, քանի որ նայելն անհարմար է:
Եթե այսօր որպես «հանցանք» դատում են քաղաքական գոյության բուն փաստը, վաղը հանցագործություն կդառնա իրավունքի մասին խոսելու բուն փորձը։ Բաքվում ցմահ ազատազրկման պատժաժամկետները դատավճիռ են ոչ միայն կոնկրետ մարդկանց, մեր հայրենակիցներին, ողջ հայ ազգին։ Սա դատավճիռ է այն գաղափարին, որ իրավունքը ուժից հզոր է: Խայտառակություն կլինի, եթե աշխարհն այս անգամ էլ լռի։ Դա կդառնա հիրավի դատավճիռ դարաշրջանին։
