Логотип

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հանդես է եկել մտահոգիչ հայտարարությամբ

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հանդես է եկել  բավականին մտահոգիչ հայտարարությամբ ՝ հրապարակելով Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:

Ձայնագրությունից պարզ լսվում է, թե ինչպես են Վարդանյանին ընդհատում: Մտահոգիչ է նաև այն, որ «դատավճիռների» հրապարակումից մեկ ամիս անց Բաքվում պահվող հայ գերիները դեռևս դեռ չեն ստացել «դատավճիռների» տեքստերը ոչ մի լեզվով: Ըստ իրավապաշտպանների, սա կարող է զրկել նրանց անգամ դրանք բողոքարկելու հնարավորությունից:

Նշենք, որ հայ գերիներին հասանելիություն ունեցող միջազգային մարդասիրական միակ կառույցը՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, 2025թ. սեպտեմբերի 3-ից Ադրբեջանի կառավարության պահանջով դադարեցրել է գործունեությունն այնտեղ: Մարդասիրական այս կառույցի հեռացումը հայ գերիներին թողել է բացարձակապես անպաշտպան վիճակում: «Մենք նաև մտավախություն ունենք, որ նույնիսկ կարճ հեռախոսազրույցները՝ կապի պահպանված միակ միջոցը, կարող են դադարեցվել»,-ասված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարության մեջ։

NEWS.am-ն արդեն այս թեմայով հարցումներ է ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, դեսպանատների, ինչպես նաև ՀՀ մի շարք կառույցների՝ փորձելով ճշտել, թե նման իրավիճակում ի՞նչ քայլեր են ձեռնարկում կամ կարող են ձեռնարկվել: