Իրանի տարածքից Նախիջևանի վրա հասցված հարվածների մասին պնդումները բացարձակապես անհիմն են։ Այս մասին ասվում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ։
«Հարևան երկրների, հատկապես Ադրբեջանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների պահպանումն ու զարգացումը Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունն է։ Իրանի տարածքից իրականացված հարվածների մասին պնդումները լիովին անհիմն են։
Հանցավոր ԱՄՆ-ի և մանկասպան սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով ինքնապաշտպանության իր օրինական իրավունքի վրա, վերջին օրերին որոշակի միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ռազմաբազաների դեմ։ Այս գործողությունները որևէ պարագայում ուղղված չեն եղել բարեկամ և հարևան պետությունների դեմ. թիրախը բացառապես ագրեսոր կողմերի ռազմական բազաներն են։
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պաշտոնապես և բացահայտ հայտարարում են իրենց կողմից իրականացվող ռազմական գործողությունների մասին և այդ մասին տեղեկացնում են հանրությանը։
Հաշվի առնելով հարևան երկրների միջև լարվածություն ստեղծելու նպատակով սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող «մոլորեցնող գործողությունները», ինչպես նաև վերջին օրերին նկատվող այսպես կոչված «օտար դրոշի ներքո» իրականացվող սադրանքները՝ Նախիջևանի միջադեպը պետք է մանրակրկիտ հետաքննվի», – ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
News.am
