Логотип

ԲԱՔՎՈՒՄ ԽՈՍՈՂ ՃԻՎԱՂՆ ՈՒ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԼՌՈՂ ԱՆԼԵԶՈՒՆԵՐԸ

Այդ լոկ թվում է, թե մենք վարժվել և համակերպվել ենք հրեշավոր ու անհավատալի այն ամենին, որ տեղի է ունենում մեր շուրջը և մեզ հետ վերջին հինգ տարիներին: Լոկ թվում է, թե մեզ այլևս ոչնչով չես զարմացնի, քանի որ ամենասարսափելին ու անարդարն արդեն տեղի է ունեցել, իսկ եթե է՛լ ավելի սարսափելի ու անարդար բան լինի, ապա դրանով էլ մեզ այլևս չես զարմացնի։ Եվ լոկ թվում է, թե մենք վարժվել ենք իր կեղծիքով, նսեմությամբ ու զազրելիությամբ աներևակայելի բանավոր աղտեղությունների այն հեղեղին, որ թափվում է գրեթե ամեն օր, և արդեն ուժ չենք գտնում մեր մեջ պատասխանելու կամ անիմաստ ենք համարում դա։

ԱՅՍՊԵՍ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՒՄ ԱՄԵՆԱԼԿՏԻ ՍՈՒՏԸ, այսպես են հաղթում պատմական կեղծարարությունն ու անամոթ ստախոսությունը։ Այսպես է ճշմարտությունն աստիճանաբար խամրում ու պատվում ժանգով՝ թույլ տալով, որ սուտն ու ցինիզմը հաղթեն իրեն և փոխարինելու գան պատմական փաստերին: Այսպես է ոտնահարվում տասնյակ հազարավոր նահատակների ու հերոսների հիշատակը։

Իրականում լռությունը կամ ամեն կողմից թափվող գարշանքի վիթխարի հոսքին անբավարար դիմադրությունը շատ հաճախ թելադրված են լինում նրանով, որ պարզապես շնչահեղձ ես լինում կատարվող ամենի հրեշավորությունից և արդեն բառեր չես գտնում, որպեսզի ստին հակադրես կարծես թե վաղուց ու բոլորին հայտնի ճշմարտությունը՝ փաստերը, որոնք անհնար է հերքել։

Ամբողջ հարցն այն է, որ այդ փաստերն ունեցող կողմը, որը պարտավոր է պատասխանել ու փակել զազրախոս բերանները՝ թույլ չտալով մոռանալ մարդկային նորմալ մտքի համար աներևակայելի արարքների մասին և պղծել իր հայրենակիցների հիշատակը, ոչ միայն չի անում դա, այլև աջակցում է ճշմարտության մոռացմանը և ստի հաստատմանը։

Ահա ուրեմն, Բաքվում կա խոսող ճիվաղ, իսկ Երևանում կան անլեզու… անվանեք սրանց՝ ինչպես կամենաք, մակդիրների սպեկտրը շատ լայն է:

Բաքվում նստած ճիվաղը, որը բառացիորեն պայթում է ինքնագոհության անդադար օրգազմից, օրերս կրկին փսխեց ստի հերթական գարշահոտ աղտեղությունը։ Այն ամենը, ինչ արել են իր ցեղակիցները վերջին 37 տարիներին, նա թափեց հայերի գլխին՝ մեղադրելով «ցեղասպանության, թշնամանքի և դաժանության» մեջ։

«Մենք կրկին ցույց տվեցինք մեր ժողովրդի վեհությունը։ Մենք նրանց հետ չենք վարվել այնպես, ինչպես իրենք են վարվել մեզ հետ։ Բայց այն, ինչ արել են նրանք, երբեք չի ջնջվի մեր հիշողությունից, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները Քելբաջարի ժողովրդի դեմ, Ցեղասպանությունը, Խոջալուի ցեղասպանությունը, այլ տարածաշրջաններում մեր ժողովրդի նկատմամբ թշնամանքն ու դաժանությունը երբեք չեն մոռացվի»,- հայտարարեց Բաքվում նստած ճիվաղը:

Եվ այնուհետ. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը միջնորդների միջոցով ժամանակ էր խնդրում՝ իրերը հավաքելու համար։ Եվ ժամանակ տրվեց: Իսկ ի՞նչ արեցին նրանք։ Ամեն ինչ այրեցին ու կտրեցին ծառերը։ Ինչպե՞ս կարող է մարդը նման բան անել: Մենք պետք է հստակ հասկանանք, թե ում հետ գործ ունենք և ով է մեր հարևանը»։

Սա ասում է նա, ում ցեղը «սումգայիթ» է արել։ Արել է այն, ինչը հրաժարվում էին բարձրաձայն արտաբերել ու նկարագրել խորհրդային բարձրաստիճան պաշտոնյաները փակ նիստերում։ Այն, ինչին ընդունակ չէ հոմո սափիենսը, ինչը վեր է սովորական մարդկային բանականությունից, անում էին Բաքվի ճիվաղի ցեղակիցները երեխաների, կանանց և ծերերի նկատմամբ, որոնց միակ մեղքը հայ լինելն էր։ «Սպանված հայերի դիակները տեսնող զինվորները ուշագնաց էին լինում». սա ընդամենը մեկ մեջբերում է բազմաթիվ վկայություններից:

ՆՈՒՅՆԸ՝ ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ, ԲԱՆԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԸՄԲՌՆՄԱՆՆ ԱՆՄԱՏՉԵԼԻ ՈՃԻՐԸ նրանք հետո կազմակերպեցին Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, բռնված լինելով անասնական բնազդներով, արյան ծարավով, ատելությամբ և տանջելու, անտանելի ցավ պատճառելու, սպանելու ու ծանակելու գազանային պահանջմունքով։

Բաքվի ճիվաղը հորից ժառանգած գահ բարձրացավ՝ իր մասին հայտարարելով նույնքան աներևակայելի հանցագործությամբ. հրամայելով կացնահարել քնած հայ երիտասարդին Եվրոպայի կենտրոնում, իսկ հետո փրկագնելով իր դահիճ զոմբիին ու հռչակելով նրան հերոս ու ընդօրինակման տիպար։ Իր երկրում հայեր այլևս չէին մնացել, և պետք էր նոր խթան տալ սպանություններին դրա սահմաններից դուրս, պետք էր ցեղակիցների մեջ կրկին արթնացնել արյան, սպանությունների և ամենաանմարդկային եղանակով բռնության ծարավը:

Բաքվի ճիվաղի ձեռքերն այն ժամանակից ի վեր ավելի քան 20 տարիների ընթացքում սպանված, ամենադաժան ձևերով խոշտանգված հայերի անսրբելի արյան մեջ են։ 2016-ի Ապրիլյան պատերազմում գերության մեջ խոշտանգված երիտասարդ զինվորների մարմինները հողին էին հանձնում փակ դագաղներով. նրանց նայել հնարավոր չէր: Տեսանյութը, թե ինչպես են Բաքվի ճիվաղի ցեղակիցները ողջ-ողջ գլխատում գթություն հայցող հայ ծերունուն, տարածվեց ողջ համացանցում. բարբարոսները ոչ միայն չէին փորձում թաքցնել իրենց ոճիրը, այլև հպարտանում էին դրանով, լավ իմանալով, որ իրենց հատուկ պարգև է սպասվում հայի նկատմամբ առանձնակի անմարդկայնության համար:

Ճիշտ այնպես, ինչպես հպարտանում էր հրեշը Բուդապեշտում 2004-ին, ինչպես հպարտանում էր մեկ այլ հրեշ 2016-ին՝ հայ զինվորի կտրած գլուխը ձեռքին:

Է՞լ ինչ հիշեցնենք Բաքվի ճիվաղին, որը տոննաներով ստեր է փսխում և մեղադրում հայ ժողովրդին «ցեղասպանության» մեջ։ Արցախում սովի դատապարտված երեխաների սպանություննե՞րը, կանանց ու ծերերի այլասերված սպանություննե՞րը, բնակելի տների ու եկեղեցիների թիրախային ռմբակոծո՞ւմը, Արցախի անտառների ոչնչացման համար սպիտակ ֆոսֆորի օգտագործո՞ւմը։ Ջերմուկի ագրեսիայից հետո հայ կանանց խոշտանգված դիակնե՞րը։

Հայկական ամբողջ գյուղերի, տաճարների, հուշարձանների, Ստեփանակերտի բնակելի թաղամասերի, հուշահամալիրների և գերեզմանատների համակարգված ավերումն ու ոչնչացո՞ւմը, միայն թե ջնջեն հայկական հետքը, որպեսզի ոչ ոք երբեք չկռահի, որ Արցախը եղել և մնում է հայկական, մինչև վերջին բուռ հողը։

ՆՈՒՅՆԻՍԿ ՈՉ ԹԵ ԹԵՐԹԻ ՀՈԴՎԱԾ, ԱՅԼԵՎ ՈՉ ՄԻ ԳԻՐՔ ՈՒ ՖԻԼՄ ՉԻ ԲԱՎԱԿԱՆԱՑՆԻ Բաքվում խոսող ճիվաղի ու նրա ցեղի բոլոր հրեշավոր հանցագործությունները նկարագրելու համար…

Իսկ Երևանում անլեզուներ են նստած, քանզի մի բառ անգամ չեն ասում ի պատասխան՝ բոլոր սպանված, խոշտանգված, բռնաբարված, ողջ-ողջ այրված, մորթված հայերի անունից։ Ընդհակառակը, ուրախությամբ ականջ են դնում Բաքվում նստած իրենց հանցակցի խոսքերին՝ ուրանալով ու վաճառելով նրանց հիշատակը, նրանց տառապանքներն ու զոհերը։ Չբացելով իրենց ոչ պակաս զազրախոս բերանը, որպեսզի փակեն իր ցեղակիցներին նոր սպանությունների և նոր հանցագործությունների հրահրող գարշահոտ կոյանցքը:

Առանց աչք թարթելու հայտարարելով, թե «Ղարաբաղյան շարժումը շարունակելն անթույլատրելի է, քանի որ դա նշանակում է Հայաստանի Հանրապետության անկախության վերացում»։ Թե նրանց հետ, ովքեր ընդամենը մի քանի տարի առաջ հաճույքով կտրում էին անօգնական հայ ծերունու գլուխը տեսախցիկի առջև, սովամահության դատապարտում Արցախում 120 000 մարդու և ծանակում գազանաբար սպանված հայուհու մարմինը, կարելի է և՛ ապրել կողք-կողքի, և՛ թույլ տալ ազատ գալ մեր երկիր, և՛ առևտուր անել, և՛ նույնիսկ ընկերանալ։

Դրանով իսկ գիտակցաբար արդարացնելով, ողջ ուժով օգնելով պատմության խեղաթյուրմանն ու կեղծմանը և սեփական (?) ժողովրդին իբրև «ցեղասպանություն գործած հանցագործ» ներկայացնելուն։ Ջանադրաբար լիզելով հայկական արյունը Բաքվի ճիվաղի ձեռքերից և ըմբոշխնելով դա…

Եթե ձեզ թվա, թե տողերիս հեղինակը չափազանցում է, և թե սա արդեն «ծայրահեղ» է, ապա նայեք Սումգայիթում, Բաքվում ու Մարաղայում, Հադրութում և Ջերմուկում, Գետաշենում ու Թալիշում սպանված հայերի լուսանկարներին։ Նայեք քնած ժամանակ կացնահարված Գուրգեն Մարգարյանի արյան մեջ պառկած մարմնի լուսանկարին։ Կարդացեք անգլիացի բժիշկների զեկույցը կտտանքների մասին, որոնց ենթարկել են հայ գերիներին և պատանդներին Արցախյան առաջին պատերազմի տարիներին: Այս ամենը միանգամայն հասանելի է համացանցում, օրինակ՝ karabakhrecords.info կայքում։

Իսկ հետո ևս մեկ անգամ կարդացեք, թե ինչ են ասում և ինչ են անում ահա արդեն 5 տարի շարունակ Բաքվի ճիվաղը և նրա անլեզու (երբ խոսքը վերաբերում է հայ ժողովրդի շահերին) հանցակիցները Երևանում…