Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռները` ցմահ կամ տասնյակ տարիների ազատազրկման, որևէ առնչություն չունեն միջազգային իրավունքի նվազագույն չափանիշների հետ: Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի հերթական նիստին ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ինչպես նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
«ԵԱՀԿ-ն, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու մանդատ ունեցող միակ կառույցն էր, ոչ միայն չկարողացավ կանխել դեպքերի այսպիսի ընթացքը, այլև գործնականում անտարբեր մնաց այդ դատավարությունների նկատմամբ: Սա ոչ միայն որևէ առնչություն չունի խաղաղության հետ, այլ քաղաքական կամքի և պատասխանատվության ի սպառ բացակայության նշան է: Նման անգործությունը խարխլում է վստահությունը միջազգային ինստիտուտների նկատմամբ և թուլացնում իրավունքի գերակայության հարգանքը տարածաշրջանում»,– ասել է Գալստյանը։
Ընդդիմադիր պատգամավորն իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակին և շեշտել, որ 2026 թվականի ընտրություններին նախաշեմին ՀՀ–ում ստեղծվել է իրավիճակ, որը չի համապատասխանում ազատ և արդար ժողովրդավարական մրցակցության նվազագույն չափանիշներին:
«Հայաստանում իշխանությունը վերածվել է քաղաքական ճնշման գործիքի: Դատական համակարգի անկախությունը փաստացի փլուզվել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացված դատավճիռները խաթարում են հանրային վստահությունը: Շինծու մեղադրանքներով ձերբակալվում և կալանավորվում են ընդդիմադիր առաջնորդներ, պատգամավորներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, այդ թվում՝ բարձրաստիճան հոգևորականներ»,– նշել է նա։
Գալստյանը հայտարարել է, որ ՀՀ–ում անձիք դատապարտված են զուտ քաղաքական հայացքների համար, և այդ անձինք լիովին համապատասխանում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևով սահմանված քաղաքական բանտարկյալների չափանիշներին:
Sputnik Արմենիա
