Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ «դատավարության» ընթացքում հրապարակվել են քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ։ Մասնավորապես` քննության առարկա է դարձել արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկինում արված հայտարարությունները, որոնք, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, արել են հայ պաշտոնյաները։
Ըստ ադրբեջանցիների`Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «հանձնարարականով» Արցախի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, թե «Գյանջայի գնդակոծությունն իրականացվել է ոչ թե Հայաստանի տարածքից, այլ իր հրամանով՝ Ղարաբաղի տարածքից»։
Մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ արտացոլված են տեղեկություններ 7 գերիների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի մասին, այդ թվում՝ 1990-ականների սկզբից նրանց պաշտոնները, մասնակցությունը 2016 թվականի ապրիլյան մարտերին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին։
Նիստը նախագահող դատավորը հայտնել է, թե գործով իբրև 340 «տուժողները» դիմել են դատարան՝ նշելով, որ չեն կարողանա մասնակցել դատական գործընթացին և խնդրել են քննել նախաքննության ժամանակ տված իրենց ցուցմունքները։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Sputnik Արմենիա