Բաքվում վերաբերմունքի առումով տարբերակված մոտեցում կա Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի պարագայում։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Մեծացել է Ռուբեն Վարդանյանի մեկուսացվածությունը արտաքին աշխարհից։ Ընտանիքի միջոցով տեղեկացանք, որ պակասել է զանգերի հաճախականությունը։ Եթե մյուս գերիների պարագայում շաբաթը մեկ զանգի հնարավորություն է տրվել որպես կանոն չորեքշաբթի օրերին, ապա Ռուբեն Վարդանյանի պարագայում այս մեկ շաբաթը պահպանված չէ։ Ինչ–ինչ պատճառներով նա մեկուսացվում է, նրա դատական գործը ձգձգվում է, և նա զրկվում է դատարանում իր վերջին խոսքն արտահայտելու իրավունքից»,– ասաց Սահակյանը։
Սահակյանի խոսքով` ռազմագերիների խնդիրը, անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանություններից, ունի նաև կրոնական ասպեկտ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հենց քրիստոնյա հայերին դատապարտելու խնդիր է դրել։
«Թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ նրանց փոխանցել Աստվածաշունչը, և սա բացատրություն չունի։ Եթե գրքերի հասանելիություն տրվում է, և անձը ազատ ժամանակը ընթերցելու հնարավորություն ունի, ինչո՞ւ իր ցանկությամբ, իր նախընտրությամբ, դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը։ Եվ սա թե՛ Ռուբեն Վարդանյանին է արգելվել, թե՛ մյուս բանտարկյալներին։ Բացի այդ, հավաքել են կրոնական սիմվոլները, անգամ բանտարկյալների դաջվածքներն են այրել, և մեր գնահատմամբ` քրիստոնյա լինելը ևս գործոն է, որը ինչ–որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը»,–ասաց իրավապաշտպանը։
Սահակյանը դրական գնահատեց դատավարությունների ընթացքում Կարմիր խաչի գործունեությանը, թեև 2025 թվականի հունիսից նրանց այցելությունները դադարեցվել են, իսկ արդեն սեպտեմբերին Կարմիր խաչը հայտարարել է Ադրբեջանում իր գործունեության դադարեցման մասին (7 ամիս տևած դադարից հետո` 2025 թվականի դեկտեմբերի 24 և 25–ին, Կարմիր խաչի ներկայացուցիչները Ժնևյան գրասենյակի անունից այցելել են հայ գերիներին, բայց դա եղել է մեկանգամյա փոխհամաձայնեցված այցելություն և հետագա այցելություններ չի ենթադրում)։
«Կարմիր խաչը փորձել է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության ճանապարհով հասնել որոշակի պայմանների բարելավման։ Կարծում եմ, որ այդ գործունեությունն իր դրական արդյունքը տվել է։ Եթե մենք համեմատում ենք պահման պայմանները գերեվարման վաղ ժամանակահատվածում և հետագայում, ապա դրական տեղաշարժեր նկատելի են։ Որոշ դատապարտված գերիների նաև տեղափոխել են նոր կառուցված քրեակատարողական հիմնարկ, որտեղ պայմաններն անհամեմատ ավելի լավ են եղել, քան սկզբնական պահման վայրերը»,– ասաց իրավապաշտպանը։
Նա նաև ընդգծեց, որ երբեմն ադրբեջանական մամուլը տարածում է լուսանկարներ ինչ–որ սենյակներից, որտեղ իբր հիմնական հիմունքներով պահվում են հայերը, սակայն դրանք իրականում լուսանկարչական նկատառումներով առանձնացված սենյակներ են, որտեղ հայ բանտարկյալներին այցելում են ադրբեջանցի պաշտոնյաները, և դրանով ներքին լսարանին ցուցադրում են, որ Ադրբեջանում պահպանվում են մարդասիրական նորմերը։
Սահակյանի խոսքով` այս ճանապարհով փորձ է արվում բարձրացնել Ադրբեջանի օմբուդսմենի դերը հայ պատանդների իրավունքների պաշտպանության հարցերում։
«Մի կողմից փակվում է Կարմիր խաչը, մյուս կողմից կադրեր են հրապարակվում, որտեղ օմբուդսմենի այցելությունները դիտարկվում են որպես ԿԽՄԿ–ին փոխարինող արդյունավետ միջոցներ։ Մենք մեր միջազգային գործընկերներին էլ տեղեկացրել ենք, որ օմբուդսմենական ինստիտուտը Ադրբեջանում անկախ չէ, անկախության Փարիզյան սկզբունքներին չի բավարարում, և որևէ աջակցություն այս ինստիտուտի կողմից չի կարող բավարար լինել»,– ասաց նա։
