Логотип

Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարության» հերթական նիստը

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները, «մեղադրական նյութերի» ընթերցման ժամանակ հայտարարվել է, որ մեղադրական ճառի դրվագները կվերանայվեն:

Դատարանը ներկայացրել է դրվագներ Ղարաբաղյան առաջին պատերազմից, 2020 թվականի հուլիսյան իրադարձություններից, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմից:

Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնականը նշել է, որ մեղադրական եզրակացությունը բաղկացած է 6 մասից:

Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա նոյեմբերի 6–ին:

Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա