Բելգիայի ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Եվրահանձնաժողովի մի քանի շենքերում՝ ԵՄ-ում անշարժ գույքի վաճառքի գործի հետաքննության շրջանակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ փետրվարի 12-ի առավոտյան խուզարկություններ են իրականացվել տարբեր շինություններում, այդ թվում՝ բյուջետային դեպարտամենտում։
Հետաքննությունը վերաբերում է 2024 թվականին իրականացված գործարքին, որով Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող 23 գրասենյակային շենք վաճառվել է բելգիական SFPIM սուվերեն հիմնադրամին՝ շուրջ 900 մլն եվրոյով։ Այդ ժամանակ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ գործարքն իրականացվել է ԵՄ ֆինանսական կանոններին համապատասխան։
FT-ի տվյալներով՝ վաճառքը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ բյուջեի հարցերով եվրոպական հանձնակատարն էր Յոհաննես Հանը։ Նա պաշտոնավարել է 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականը՝ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի կազմում։ Պաշտոնը թողնելուց հետո Հանը նշանակվել է Կիպրոսի հարցով ԵՄ հատուկ բանագնաց։
Հետաքննությունն իրականացնում է Եվրոպական դատախազությունը։ Կառույցի մամուլի քարտուղար Թինե Հոլվոետը FT-ին հաստատել է, որ ընթացիկ հետաքննության շրջանակում իրականացվում են ապացույցների հավաքման միջոցառումներ, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ դրանց հրապարակումը կարող է վտանգել ընթացակարգերը և դրանց արդյունքները։
