Логотип

ԲԵՆԶԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընտրարշավը Հայաստանում արդեն սկսվել է, կաշառք արդեն խոստանում են

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 8-ին։ Վաշինգտոնում «ափալ-թափալ» կազմված և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վկայի կարգավիճակում ստորագրված փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի առանցքն են։ Եթե 2021-ին նա մուրճ էր թափահարում, ապա առաջիկա ընտրություններում կթափահարի Թրամփի ստորագրությամբ փաստաթղթերը։

«Անդրանիկ ցուցադրությունը» տեղի ունեցավ նախօրեին ՀՀ ԱԺ-ում. Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերը։ Իսկ արդեն այսօր Հայաստանի իշխանությունները հանդես եկան հայտարարություններով՝ փաստացի ՀՀ քաղաքացիներին նախընտրական կաշառք առաջարկելով։ Կաշառք, որի դիմաց Փաշինյանը հույս ունի պահպանել իր իշխանությունը։

Նախընտրական կաշառք №1. ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24-ից կրճատել 18 ամիս։ Նախագիծը հրապարակված է իրավական ակտերի միասնական պորտալում։ Փոփոխություններն առաջարկվում է կատարել 2026 թվականի ամառային զորակոչից։ «Օրենքի ընդունումը պայմանավորված է 2021-2026 թվականների կառավարության ծրագրի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության կրճատման անհրաժեշտությամբ», — նշված է հիմնավորման մեջ։

Նախընտրական կաշառք №2. ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ՀՀ քաղաքացիներին խոստացել է էժան ադրբեջանական բենզին։ «Հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրար հետ, մենք ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների միասնական շուկա: Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և մնացած այլ քաղաքների խանութներում․ դա անխուսափելի է: Օրինակ, բենզինը հայերը գնալու են ավելի էժան առնեն, որովհետև այդպես ձեռնտու է»,- ասել է ԱԺ նախագահը:

Բենզինը պետության դիմաց — սա կարող է դառնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կարգախոսը։ Բայց ինչպե՞ս պետք է արձագանքեն Հայաստանի քաղաքական դաշտի մյուս դերակատարներն այս ամենին։ Անհրաժեշտ է Փաշինյանի ձեռքից խլել խաղաղության, տնտեսական զարգացման և տնտեսական բարիքների թեման։ Սա պետք է դառնա գործող իշխանությանն այլընտրանքային բոլոր ուժերի, և առաջին հերթին՝ Հայաստանի երկու վառ արտահայտված ընդդիմադիր բևեռների գործողությունների հիմնական լեյտմոտիվը։

Կարելի է տարբեր կերպ մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև Հայաստանի այլ պաշտոնական անձանց ու պետական գերատեսչությունների հայտարարությունները, բայց իրականությունն այն է, որ պետք է դասեր քաղել 2021 թվականի իրադարձություններից և ի պատասխան «Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության վերաբերյալ» վտանգավոր առաջարկների ու բանակի թուլացման՝ առաջ քաշել սեփական ռացիոնալ, հստակ տնտեսական հաշվարկների վրա հիմնված և ինքնությունն ու ինքնիշխանությունը պահպանելու հայեցակարգին չհակասող առաջարկներ։

Որպես օրինակ՝ առաջ քաշել հիմնական և այլընտրանքային փաստաթուղթ՝ բանակը «պրոֆեսիոնալ ռելսեր» տեղափոխելու վերաբերյալ առաջարկներով։ Տրամաբանական է խոսել այն մասին, որ բանակը մեծամասամբ պետք է դառնա պրոֆեսիոնալ։ 24-ամսյա ցիկլը պահպանելու համատեքստում քննարկումներն այսօր ընտրական տեսանկյունից անարդյունավետ են։

Ինչ վերաբերում է «էժան ադրբեջանական բենզինին», ապա, մի կողմից, պետք է փորձել բացատրական աշխատանքներ տանել ՀՀ բնակչության հետ և նրանց պարզ հարց տալ. իսկ պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը «բարեկամություն անել», պատրա՞ստ է արդյոք ապահովել հայերին էժան բենզինով և այլ էներգակիրներով։ Սակայն «էժան բենզինի» թեման արդեն իսկ նետվել է հանրային դիսկուրս, ուստի պետք է մյուս կողմից առաջարկել բենզինի գների իջեցման այլընտրանքային տարբերակ։ Շուկայի ազատականացումը և բարեկամ երկրներից նոր մատակարարների ներգրավումը, որոնք մատակարարման պայման չեն դնում ինքնությունից հրաժարվելը, այս երևույթին արձագանքելու տարբերակներից մեկն է։

Ավելին, հասարակության հետ պետք է աշխատել «տուն առ տուն» և բացատրել քաղաքացիներին, որ եթե Հայաստանը դառնա կանխատեսելի և հուսալի գործընկեր, ապա ոչ միայն բենզինը, այլև այլ էներգակիրներ կարող են էժանանալ, և դրա համար ՀՀ-ն ստիպված չի լինի վճարել պատվով, արժանապատվությամբ, պատմությամբ, ինքնությամբ, անվտանգությամբ և, ի վերջո, պետականությամբ։

Կրկին ընդգծենք՝ անհրաժեշտ է Փաշինյանի ձեռքից խլել խաղաղության, տնտեսական զարգացման և տնտեսական բարիքների թեման։ Սա պետք է դառնա գործող իշխանությանը այլընտրանքային բոլոր ուժերի, առաջին հերթին՝ Հայաստանի երկու վառ արտահայտված ընդդիմադիր բևեռների գործողությունների հիմնական լեյտմոտիվը։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News