Բեռնատարների վարորդները բացել են Բավրայի, Բագրատաշենի ու Գոգավանի անցակետեր տանող միջպետական ճանապարհները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ-ում ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար 90–օրյա ժամկետ սահմանելու որոշման դեմ։ Նրանք ակցիաներ էին իրականացրել Երևանում ու իրենց պահանջներով նամակ փոխանցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Այսօր բեռնատարների վարորդները ստացել են փոխվարչապետի գրասենյակից պատասխան այն մասին, որ նրանց կողմից բարձրացված հարցը քննարկվել է և շարունակում է քննարկվել Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ:
Փոխվարչապետի գրասենյակի գրավոր պատասխանն այսօր շրջանառվում էր սոցցանցային տիրույթում։ Գրության մեջ նշված է, որ ՌԴ գործընկերները տրամադրված են հարցին լուծում տալ՝ օրերի թիվը հասցնելով մինչև 180:
«Համապատասխան իրավական ակտերի նախագծերը ներկայումս գտնվում են Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների համաձայնեցման փուլում: Հարցը ընդգրկվել է հոկտեմբերի 24–ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում»,– նշված է փոխվարչապետի գրության մեջ:
Բեռնատարների վարորդները կդադարեցնեն ակցիաները` սպասելով հոկտեմբերի 24–ի ԵԱՏՄ նիստում հարցի քննարկման արդյունքներին։
Ավելի ուշ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Sputnik Արմենիային հաստատեցին նամակի վերաբերյալ տեղեկությունը։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են, որ ՌԴ սահմանային անցակետերում բեռնափոխադրումների և արտադրանքի արտահանման ընթացքում արձանագրվող խնդիրների հարցը գտնվում է ԵՏՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների մշտական ուշադրության կենտրոնում:
«ԵՏՀ հարթակում ձևավորված օպերատիվ խմբում պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ՝ ԵՏՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում իրականացվում է իրավիճակի մշտադիտարկում, հավաքագրվում և վերլուծվում են միգրացիոն ընթացակարգերի հետ կապված դեպքերի վերաբերյալ տվյալները՝ նպատակ ունենալով ապահովել խնդիրների արագ արձագանքման և արդյունավետ լուծման գործընթացը՝ սերտ համագործակցությամբ Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների հետ»,– նշել են նախարարությունից:
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ այս փոխգործակցության շնորհիվ առանձին դեպքերում արդեն հաջողվել է լուծել մի շարք հարցեր օպերատիվ կարգով` նպաստելով բեռնափոխադրումների գործընթացների կայունացմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ավելացրել են, որ շարունակում են ակտիվորեն համագործակցել ինչպես ԵՏՀ, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների գործընկեր կառույցների հետ` ուղղված առաջացած խնդիրների հնարավորինս արագ և համակարգված կարգավորմանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։