Բիշքեկում նոյեմբերի 26-27-ը կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի նախագահությամբ, հայտնել է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Սագինբեկ Աբդումուտալիպը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության ղրղզական ծառայությունը։
Գագաթնաժողովը կլինի Ղրղզստանի՝ ՀԱՊԿ-ում նախագահության եզրափակիչ փուլի գլխավոր միջոցառումը։
Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ստորագրել ավելի քան 10 որոշում՝ հավաքական պաշտպանության մեխանիզմների ամրապնդման, կազմակերպության երկրների միջև անվտանգության փոխգործակցության բարելավման և ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
«2026 թվականին ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղրղզստանից կանցնի Ռուսաստանին, ինչը կապահովի կազմակերպության շրջանակում համատեղ նախաձեռնությունների շարունակականությունը և հետագա զարգացումը», – նշել է Աբդումուտալիպը։
Հունվարի 1-ից ՀԱՊԿ-ը նաև նոր գլխավոր քարտուղար կունենա։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, այդուհանդերձ, Երևանը հայտարարել է, որ դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանն այդ օրվանից չի մասնակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին և չի վճարում անդամավճարը։
