Логотип

Բյուրականի և Չինաստանի վիրտուալ աստղադիտարանները համագործակցության հուշագիր ստորագրեցին

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 15-19-ը անցկացվում է «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ-3» խորագրով (ASBD3) միջազգային գիտաժողով, որին մասնակցում են տարբեր երկրների առաջատար գիտնականներ: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բացման արարողության ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրվեց Բյուրականի և Չինաստանի վիրտուալ աստղադիտարանների միջև:

Գիտաժողովը նվիրված է երկու կարևոր հոբելյանների՝ աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի հետազոտության (Բյուրականի առաջին հետազոտություն (FBS), որը 2011 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Աշխարհի հիշողություն» միջազգային վավերագրական ժառանգության ցանկում) 60-ամյակին և Վիրտուալ աստղադիտարանների միջազգային դաշինքին (IVOA) անդամակցող Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) ստեղծման 20-ամյակին։ Մարգարյանի առաջին շրջահայությունը մեծ տարածքի (17 հազար քառակուսի աստիճան) անդրանիկ սպեկտրոսկոպիկ հետազոտությունն էր, որի արդյունքում ստացվել էին ցածր դիսպերսիոն սպեկտրներ 20 մլն օբյեկտների համար: Այն մինչ օրս մնում է օբյեկտիվի պրիզմայի միջոցով սպեկտրոսկոպիկ խոշորագույն հետազոտությունը և ակտիվ գալակտիկաների առաջին համակարգված որոնումը։

Քննարկումների ընթացքում ուշադրություն է դարձվելու հատկապես պատմական ու ժամանակակից աստղագիտական տվյալներին՝ Մարգարյանի ու կարևոր այլ շրջահայությունների, ինչպես նաև արտաարեգակնային և աստղագիտական թեմաներին։ Քննարկվելու են տվյալների թվայնացման ու արխիվացման գործընթացները, մեծ տվյալների կիրառությունը, վիրտուալ աստղադիտարանները, վերլուծական գործիքները և այլն։

Մասնակցում են աստղագիտական շրջահայությունների, տվյալների շտեմարանների, պահոցների, վիրտուալ աստղադիտարանների և մեծ տվյալների ոլորտներում մասնագիտացող միջազգային ճանաչման արժանացած գիտնականներ: Զեկույցներ են պատրաստել, մասնավորապես, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, Վահե Պետրոսյանը, Ալեքս Սալայը և Աշիշ Մահաբալը (ԱՄՆ), Ռայներ Շպուրցեմը (Գերմանիա), Չավիեր Դյուպակը և Յոհան Կնապենը (Իսպանիա), Լեքս Կապերը (Նիդեռլանդներ), Չենժու Սուին (Չինաստան), Կլոտիլդ Լեյգլը և Միշել Դեննեֆելդը (Ֆրանսիա) և այլ հրավիրյալներ։

Ակնկալվում է, որ գիտաժողովը կնպաստի աստղագիտության ոլորտում ստացված դիտողական տվյալների ամփոփման նպատակով աստղագիտական խոշոր հետազոտությունների ուսումնասիրմանն ու քննարկմանը, Մարգարյանի և այլ հետազոտությունների կարևորմանը, աստղագիտական ​​կատալոգների, տվյալների բազաների և պահոցների դիտարկմանն ու քննարկմանը, ընթացիկ և նախատեսվող խոշոր հետազոտությունների մասին տեղեկացմանը, աստղագիտության փոփոխմանը տվյալների խոշոր հավաքածուների ազդեցության ուսումնասիրությանը, տվյալների մեծ հավաքածուների հետ աշխատելու գործիքներին և մեթոդներին ծանոթանալուն, աստղագետների և ինֆորմատիկայի մասնագետների համատեղ ջանքերով իրականացվող աստղագիտական ​​հետազոտությունների ապագայի քննարկմանը:

Արեգ Միքայելյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց.

«Քննարկվող թեման շատ կարևոր է, որովհետև ամենամեծ տվյալները ստացվում են հենց տիեզերքից: Սա միջճյուղային կամ միջգիտակարգային ոլորտ է, որը հիմա շատ է խրախուսվում ամբողջ աշխարհում: Լինելու են հայտնի մասնագետների պատրաստած առնվազն 15 շատ կարևոր զեկույցներ՝ համաշխարհային նորագույն նախագծերի մասին: Օրինակ, «Էվկլիդես» տիեզերական աստղադիտակից սպասվող տվյալների հեղեղի վերաբերյալ»:

Չինաստանի Ազգային աստղագիտական աստղադիտարանների փոխտնօրեն Չենժու Ցուին էլ հայտնեց, որ անչափ կարևորում է վաղեմի լրջագույն գիտական ավանդույթներ և նվաճումներ ունեցող Բյուրականի աստղադիտարանի հետ համագործակցությունը: Դա կնպաստի ուսումնասիրությունների տվյալների փոխանակմանը երկու երկրների աստղադիտարանների միջև: Հուշագրով նախատեսվում է նաև ուսումնական ծրագրերի իրականացում:

Նշենք նաև, որ ընթացիկ գիտաժողովը կազմակերպվել է Բյուրականի աստղադիտարանի, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO), Միջազգային աստղագիտական միության Հարավ-արևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությամբ։

ASBD նախորդ երկու գիտաժողովներն անցկացվել են 2015 և 2020 թվականներին։

Միջոցառման մասնակիցները կկարողանան մասնակցել նաև աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանին նվիրված արարողությանը:

Մեր մեծ հայրենակցի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, պաշտոնապես հայտարարված է Հայաստանում աստղագիտության օր։