Логотип

Բողոքի ակցիա Հրազդանում. ցեմենտի գործարանի 400 աշխատակիցներ 13 ամիս աշխատավարձ չեն ստացել

Հրազդանի ցեմենտի գործարանը փակման եզրին է, 400 աշխատակիցներ 13 ամիս աշխատավարձ չեն ստացել։ Աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում գործարանի մոտ, որպեսզի պատկան մարմիններն արձագանքեն, թե ինչ է լինելու գործարանի ճակատագիրը։

«Տարիներ շարունակ Պարսկաստանն էր մեզանից կլինկեր տանում, իսկ այսօր արտահանողից դարձել ենք ներմուծող։ Միթե էդ ձևով կարելի է երկիրը շենացնել»,– ասաց աշխատակիցներից մեկը։

Ըստ աշխատակիցների` գործարանին 579 միլիոն պարտք են և չեն տալիս, ցեմենտը տարել են, գումարը չեն տվել, դրա համար էլ գործարանը սնանկ է ճանաչվել։

«Վարչապետին դիմում ենք ներկայացրել, որը վերահասցեավորել են Էկոնոմիկայի նախարարություն, և Արդարադատության նախարարություն։ Էկոնոմիկայի նախարարությունից պատասխանել են, որ դատական պրոցես է ընթանում, ուստի նախարարությունը ոչ մի լիազորություն չունի դրանով զբաղվի, իսկ Արդարադատության նախարարությունը մինչև հիմա ոչ մի պատասխան չի տվել։ Մենք ունենք սնանկության գործընթաց, բայց բոլորս աշխատանքի մեջ ենք։ Մի՞թե Հայաստանի Հանրապետությունը էն երկիրն է, որտեղ մարդը կարող Է 13 ամիս աշխատել ու աշխատավարձ չստանալ»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մյուսն էլ հավելեց, որ եթե այլ գործարաններ կարող են հումքի խնդիր ունենալ և փակվել, ապա իրենց հումքը լրիվ տեղական է, բայց այսօր կանգնած են փակման եզրին։

Վստահ են` գործարանը պետք է աշխատի, դա այսօր ոչ միայն իրենց աշխատատեղն է, այլև իրենց երեխաների։

«Մենք ուղղակի խնդրում ենք էս ժողովրդի աշխատավարձի հարցը լուծեք և 2-րդ ասեք՝ ի՞նչ է լինելու էս գործարանի վերջը, մենք էլ ենք երեխա պահում, տուն պահում, դեմը ձմեռ է, իսկ Հրազդանի ձմեռը, Երևանի ձմեռը չէ, էստեղ ցուրտ է, կյանքը` դժվար»,–ասաց մյուս աշխատակիցը։

«Հրազդան ցեմենտի» գործարանի սեփականատերերը մի քանի անգամ փոխվել են։ 2001 թվականին այն սեփականաշնորհել է «ՄԻԿԱ Արմենիա» ընկերության նախագահ, հանգուցյալ Միխայիլ Բաղդասարովը և վերանվանվել «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ:

2016 թվականին կուտակված պարտքերի պատճառով ընկերությունը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որը դարձել է դրա լիիրավ սեփականատերը: 2017 թվականին գործարանը ձեռք է բերել «Հրազդանի ցեմենտ» կորպորացիան: Սնանկության գործընթացը է սկսվել 2022 թվականին:

Sputnik Արմենիա