Логотип

ԲՈՒՆ ԱՂՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (ՀՃՈՒՀ) պարբերաբար հրատարակում է գրքեր, որոնք ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում և պատմության կեղծման մթնոլորտում հատկապես կարևոր են Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Այդպիսի գրքերից մեկն է անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հեղինակած հայկական ճարտարապետական ​​հուշարձանների ուսումնասիրության մասնագետ Սամվել Կարապետյանի «Բուն Աղվանք» հետազոտական ​​աշխատությունը, որը վերջերս դրվեց ընթերցողի սեղանին:

ԳԻՐՔԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ ԵՐԿՈՒ ՀԱՏՈՐՈՎ, ԴԵՌ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՌԱՋԻՆԸ, որտեղ փաստագրական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա ներկայացված են Կուր գետի միջին հոսանքի ձախափնյա շրջանների կամ պատմական Բուն Աղվանք երկրամասի հայաբնակ գյուղերի պատմությունը և պատմական հուշարձանները։ Գրքում առանձնահատուկ տեղ է հատկացվել զանազան հնավայրերում պահպանված հայերեն աւձանագրություններին։ Աշխատությունը նվիրված է Բուն Աղվանքի և Արցախ աշխարհի պատմական հուշարձանների անխոնջ հետազոտող Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի ծննդյան 200-ամյակին ու հասցեագրված է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են հայ ժողովրդի՝ մասնավորապես Բուն Աղվանքի հայկական բնակավայրերի պատմությամբ և նյութական մշակույթով։

Գրքի նախահրատարակչական աշխատանքները կատարվել են բունաղվանքցի հայորդիների օժանդակությամբ, որոնք մինչև 1980-ականների վերջին տարիների իրադարձությունները բնակվում էին Սովետական Ադրբեջանի կազմում գտնվող Բուն Աղվանքի գյուղերում։ Տպագրական աշխատանքները կատարվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Աշխատությունը բաղկացած է մոտ 370 էջից և բացի տեքստային մասերից պարունակում է տասնյակ լուսանկարներ։ Այն նաև ներառում է հարուստ և մանրամասն տեղեկատվություն Բուն Աղվանքի 8 շրջանների և 70-ից ավելի բնակավայրերի հայկական պատմական և մշակութային ժառանգության մասին:

«Սամվել Կարապետյանի «Բուն Աղվանք» գիրքը մեր հիմնադրամի 2024 թվականի հրատարակություններից է, որը կարողացանք ներկայացնել հայ հանրությանն այս տարի, – նշեց է ՀՃՈՒՀ-ի տնօրեն Էմմա Աբրահամյանը: – Փառք Սամվելի լուսավոր հիշատակին, խոնարհվում եմ նաև այն բունաղվանքցի հայորդիների հիշատակին, որոնք, չնայած բոլոր խոչընդոտներին, օգնել են Սամվելին իր ճամփորդությունների ու հետազոտությունների ընթացքում։ Նրանցից ցանկանում եմ հիշել մանկավարժ ամուսիններ, ազայիշենցի Արթուր Թամրազյանին և նրա կնոջը Արմիդա Օհանյանին։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր հիմնադրամի ողջ անձնակազմին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին և կարողացան Սամվելի անավարտ գործն ամբողջացնել և հրատարակության պատրաստել»։

Ըստ Էմմա Աբրահամյանի, Մակար Բարխուդարյանցի «Աղվանից երկիր և դրացիք» աշխատությունից անհրաժեշտ քաղվացքներ անելով Սամվել Կարապետյանը 1984-1987 թ․ կատարել է բազմաթիվ ճամփորդություններ դեպի Բուն Աղվանք, շրջագայելով մոտ 300 բնակավայրերով: Այցելությունների ժամանակ այդ տարածքում հայաբնակ էր մնացել միայն 36 գյուղ, մնացածը մինչև 1918 թ․ էին բնակեցված հայերով, 18-րդ դարից հետո մահմեդականություն էին ընդունել կամ հեռացել այդ երկրամասից։ Իր ճանապարհորդությունների ընթացքում Սամվելն ունեցել է բազմաթիվ դժվարություններ՝ հարուցած ադրբեջանական իշխանությունների կողմից։ Չնայած հալածանքներին և ձերբակալություններին, նա պահպանել է իր կամքի ուժը, տոկունությունը, վճռականությունը, երբեք չի կորցրել հույսն ու հավատը և շարունակել է առաջ շարժվել՝ քայլ առ քայլ ուսումնասիրելով Բուն Աղվանքը, գտնելով բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշարձաններ։

ԷՄՄԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԸՆԴԳԾԵՑ, ՈՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԲՈՒՆ ԱՂՎԱՆՔԻ ՀԱՅԵՐԵՆ ՎԻՄԱԳՐԵՐԸ» աշխատության և տարածաշրջանի մասին նրա տեսանյութերի շարքի լույս տեսնելուց հետո ադրբեջանցիները շտապեցին արտահայտել իրենց «բողոքը»՝ գրելով Սամվելի մասին հետևյալը.

«Հետաքրքիր է, որ այսօր, այն բանից հետո, երբ գիտական աշխարհին հայտնի են աղվանաթուրքերենով աղվան հեղինակների գրի առած բազմաթիվ աշխատություններ, որոշ հայ հեղինակներ աղվանների մասին խոսում են որպես թյուրքալեզու հայերի կամ ադրբեջանցիների կողմից թուրքացածների: Այդ գաղափարի գլխավոր հեղինակներից է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարաետյանը։ 1984-1987 թ․ այցելելով Ադրբեջանում Կուրի ձախ ափին գտնվող շուրջ 300 գյուղ, հավաքելով աղվանական եկեղեցիների, գերեզմանոցների մասին նյութեր, դրանք ներկայացնում է որպես հայ մշակույթի արարումներ։ Գյուղերում գտել է աղվանաթուրքերենով տապանաքարեր, ինչի մասին նա տեղեկացնում է տեսանյութում և հայալեզու աշխատություններում, հենվելով աղվանցի քահանա Մակար Բարխուդարովի (Բարխուդարյանցի) «Աղվանից երկիր և դրացիք» աշխատության, 1915 թ․ հրատարակված «Кавказский календарь»-ի և Ադրբեջանի Սովետական Հանրագիտարանի վրա, ասում է, որ այս տարածքում ապրել են թյուրքալեզու հայեր»։

«Նշեմ, որ ադրբեջանցիները խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1960-ական թվականներից սկսած, ստեղծում են կեղծ աղվանագիտությամբ սփոփված մի հայեցակարգ, որի անվան տակ նրանք յուրացնում և ոչնչացնում են հայ մարդու արարումները։ Դրա բազմաթիվ օրինակներ կան ոչ միայն հին Աղվանքի տարածքում, այլև Հյուսիսային Արցախում: Օրինակ՝ Գանձակ քաղաքի բերդի տարածքում 1935-1940 թվականներին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են արձանագիր խեցեբեկորներ, որոնք ադրբեջանցի «գիտնականները» անվանել են «աղվանական գրի ծիծեռնակներ»: Իրականում դրանք հայերեն շրջագիր գրություններ են, – բացատրեց Էմմա Աբրահամյանը: – «Հայկական ժառանգության և արձանագրությունների այս տեսակի յուրացման բազմաթիվ օրինակներ կան, որոնք հաճախ հասնում են աբսուրդի և անհեթեթության»: Այսպես, 2000-ականներին, ադրբեջանցի «գիտնական» Ֆ. Նագիևը, Կուտկաշենի շրջանի (այժմ՝ Գաբալա) Ամուրավան գյուղի գերեզմանոցից գիտական ոչ պատշաճ բարեխղճությամբ ներկայացնում է երկու տապանաքար՝ հայկական արձանագրությունները հռչակելով «աղվանական» ու կեղծելով պատմական փաստերը»։

«Բուն Աղվանք» գրքի առաջին հատորը լի է տարածաշրջանի հայկական ժառանգության յուրացման և ոչնչացման օրինակներով: Այս ժառանգությունը ներկայացված է ճարտարապետական ​​և մշակութային բազմազանությամբ՝ գերեզմանատներից և տապանաքարերից մինչև եկեղեցիներ, որմնանկարներ և այլն: Էմմա Աբրահամյանը ներկայացրեց հայկական ժառանգություն ունեցող տասնյակ գյուղեր, որոնցից մի մասը ոչնչացվել է, իսկ մյուսների ճակատագիրը մնում է անհայտ։

Հավելենք, որ ՀՃՈՒՀ-ի մասնագետները աշխատում են գրքի երկրորդ հատորի վրա, որը, հավանաբար, լույս կտեսնի երկու տարի հետո: Այն կներառի Վարդաշենի, Շաքիի և Շամախիի շրջանների բնակավայրերն ու գյուղերը՝ հայերի կողմից ստեղծված պատմամշակութային հուշարձաններով: Էմմա Աբրահամյանի խոսքով՝ հնարավոր է, որ երկու հատորներն էլ թարգմանվեն ռուսերեն և անգլերեն լեզուներով։