Վերջին 2 տարում Հայաստանի Հանրապետությունից մեկնել ու չի վերադարձել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 15 000 մարդ, այդ մասին են վկայում ՀՀ ազգային անվտանգության ծառայության տվյալները՝ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան։
«2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանի Հանրապետությունից մեկնել ու չի վերադարձել Ղարաբաղից բռնի տեղահանված 15 954 անձ»,- մասնավորապես հայտնել են ԱԱԾ-ից։
2023-ի սեպտեմբերի 19-20-ն Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Արցախից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը գերազանցել էր 100 հազարը։ Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին, որով օրենքի ուժով նրանք դառնում են փախստական։
2024-ին ԱԱԾ-ից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ նույն տարվա հուլիսի 27-ի դրությամբ՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2024-ի հուլիսի 1-ը Հայաստանից հեռացել էր շուրջ 23 404 արցախցի, ավելի ուշ ԱԱԾ-ն Armenia Today-ին հայտնել էր, որ 2020-ից ի վեր երկիրը լքած արցախցիների թիվը գրեթե 27 հազար է։