Логотип

ԲՏԱ նախարար․ «Շողակաթի» հեռարձակումը դադարեցնելու հարց չկա

«Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ստանալու նոր մրցույթին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Նախագծի հեղինակների հետ մեր քննարկումները մեզ մոտ հստակ այդ տպավորությունն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման-չհեռարձակման հարցը, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։ Այսինքն՝ սլոթը պետք է կրկին մրցույթի դրվի, և մենք այդ համոզմունքն ունենք, որ «Շողակաթը» մասնակցելու է մրցույթին, զբաղեցնելու է այդ սլոթն ու շարունակելու է հեռարձակվել թե՛ հանրային մուլտիպլեքսի տարածքում, թե՛ ցանցային օպերատորների»,- նշեց նախարարը։

Հայրապետյանը ՀՀ կառավարության անունից հայտարարեց, որ «Շողակաթի» հեռարձակման հարց չի եղել։

Ըստ նրա՝ կառավարությունը բարձր է գնահատում խոսքի ազատությունը։

«Ցցուն օրինակն այն է, որ հանրային մուլտիպլեքսում մինչ այս պահը գործում են այնպիսի հեռուստաալիքներ, որոնք սաստիկ քննադատություններով են հանդես գալիս կառավարության, իշխող ուժի գործունեության հասցեին»,– ասաց նախարարը` վստահեցնելով, որ

ապագայում ևս որևէ քննարկում չի լինելու այս կամ այն հեռուստաալիքից ազատվելու վերաբերյալ։ Նա նշեց, որ քննարկումները վերաբերել են ֆինանսավորման մոդելին։

Հիշեցնենք` ԱԺ–ն հոկտեմբերի 24-ին ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։

Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։

Sputnik Արմենիա