BRICS Pay վճարային համակարգը ցանկանում է մուտք գործել Հայաստանի շուկա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց նախագծի համակարգող Անդրեյ Միխայլիշինը վերջերս Երևանում ռուսաստանյան «Plus Group» ընկերության կազմակերպած միջազգային ֆինանսական համաժողովի ընթացքում։
Ծրագրի նպատակն է տարբեր երկրների վճարային համակարգերի միջև ստեղծել կապուղիներ, որոնք թույլ կտան մի երկրի բնակչին, ժամանելով մի շարք այլ երկրներ, վճարել իր երկրի քարտերով: Շատ վճարային համակարգեր ունեն բանկային քարտերի սպասարկման վերաբերյալ երկկողմանի պայմանագրեր:
Նոր նախագիծը նախատեսում է միասնական ցանցի ստեղծում, ընդ որում, ոչ միայն ԲՐԻԿՍ-ի, այլև Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի այլ երկրների համար: Միխայլիշինի խոսքով, ընկերության անվանումն ընտրվել է՝ ելնելով նրանից, որ 2019 թվականին այն ստեղծվել է ԲՐԻԿՍ-ի Գործարար խորհրդի հովանու ներքո, սակայն ընկերությունը մասնավոր է և կապված չէ որևէ երկրի կառավարության հետ: Ընկերության դիտորդ խորհրդում կան ԲՐԻԿՍ-ի երկրների Կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ, սակայն ընկերությունը որևէ պետությունից դոտացիա չի ստանում։
Բջջային հավելվածում, որն ընկերությունն արդեն թողարկել է, գործում է վերը նշված երկրների մեծ մասում թողարկված Visa քարտերով, ինչպես նաև Multi QR կոդերով վճարումների կապուղի, որը կառավարվում է ռուսաստանյան բանկերի կոնսորցիումի կողմից: Բանակցություններ են ընթանում նաև Կենտրոնական Ասիայի երկրների վճարային համակարգերի հետ։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս դեպքում, ըստ Միխայլիշինի, ընկերությունը կարող է լրացնել ArCa ազգային վճարային համակարգի և Կենտրոնական բանկի աշխատանքը, որն ինքնուրույն է կարգավորում նման կապուղիները և վերջերս բացել է դրանք հնդկական UPI համակարգով:
BRICS Pay
«Մենք կարող ենք օգնել ՀՀ ԿԲ մեր գործընկերներին այն իմաստով, որ մեր համակարգի բոլոր մասնակիցներն ավտոմատ կերպով ստանում են վճարային կապուղիներ բոլորի հետ։ Սա վերաբերում է նաև վճարային համակարգերին. մենք ցանկանում ենք այնպես անել, որ pos-տերմինալներում և ArCa QR կոդերով կարողանան վճարել հնդկական, չինական, ղազախական քարտերի սեփականատերերը, և հակառակը՝ որպեսզի ArCa քարտերով և QR կոդերով հնարավոր լինի նույն կերպ վճարել արտերկրում։ Բացի այդ, մենք այստեղի մեր գործընկերներին կփոխանցենք տեխնոլոգիան, այսինքն՝ մեր համակարգի սկզբնական ծրագրային կոդը՝ դրա նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար։ Մենք նաև պատրաստ ենք համակարգը պահպանելու համար տեղերում ծրագրավորողներ վերապատրաստել», – նշեց Միխայլիշինը։
Յուրաքանչյուր երկրից կատարվող վճարումների վերաբերյալ տվյալները կպահպանվեն այդ պետության օրենքներին համապատասխան, և այլ երկրների մասնակիցները մուտք չեն ունենա դրանց: Իրականացվելու է նաև օգտատերերի ստուգում (KYC). դրանից չեն կարող օգտվել միջազգային պատժամիջոցների ցուցակներում, ինչպես նաև այլ «stop»-ցուցակներում ընդգրկված անձինք: Այս ստուգումը, նշել է Միխայլիշինը, ԲՐԻԿՍ-ի վճարային համակարգը ցանկանում է ինքնուրույն անցկացնել լիցենզավորված ծառայությունների ներգրավմամբ, հակառակ դեպքում դժվար կլինի վերահսկել, թե որքան պատշաճ մակարդակով է դա արվում յուրաքանչյուր երկրում։ Համակարգին մուտքի հասանելիություն չի կարող տրվել նաև այն օգտատերերին, որոնք խաղադրույքներ են կատարում խաղային և բուքմեյքերական հարթակներում։
Ընկերությունը, հավելել է Միխայլիշինը, ունի նաև թվային արժույթների միջոցով վճարումների տեխնոլոգիաներ՝ ինչպես «կրիպտո», այնպես էլ սթեբլքոիններ՝ տոկեններ (թվային ակտիվներ), որոնք կապված են որևէ իրական ակտիվի, օրինակ՝ ազգային արժույթի հետ:
«Մենք ունենք մատակարարներ, որոնք կարող են (այն երկրներում, որտեղ դա թույլատրվում է) իրականացնել կրիպտոարժույթի փոխանակում ազգային արժույթի: Դրա հիման վրա մենք ցանկանում ենք կարգավորել վճարումը քարտերից, որոնք կապված են կրիպտոդրամապանակի հետ, միաժամանակ նաև պատշաճ կերպով ստուգելով հաճախորդներին», – ասել է Միխայլիշինը:
Նա հավելել է, որ համակարգում վճարումները հիմնականում կաշխատեն C2B ուղղությամբ, այսինքն՝ քաղաքացիների կողմից բիզնեսից գնումներ (խանութներում, ռեստորաններում և այլն)։ Ապագայում նախատեսվում է բացել բիզնեսի միջև հաշիվների վճարման հնարավորությունը (B2B):
Ուղիղ վճարումներ կատարելու համար արդեն ստեղծվել է ապակենտրոնացված (բլոկչեյնի սկզբունքով) վճարման հանձնարարականների փոխանցման համակարգ (SWIFT-ի նմանությամբ): Սակայն ուղիղ վճարումների իրականացման համար, նշել է Միխայլիշինը, մնում է խնդիրը կարգավորել ուղղակի թղթակցային հաշիվներից դուրս հաշվարկային կենտրոնների փոխգործակցությունը տարբեր երկրների բանկերում։
Արամ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ, Sputnik Արմենիա
