Логотип

Բրիտանիան հրաժարվել է իր բազաները ԱՄՆ-ին տրամադրել Իրանին հարվածելու համար

Միացյալ Թագավորությունը հրաժարվել է իր ռազմաբազաները ԱՄՆ-ին տրամադրել Իրանին հարվածելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Times» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հանդես է եկել Դիեգո Գարսիա բազան Մավրիկիոսի իրավասությանը հանձնելու համաձայնագրի դեմ։

Ավելի վաղ Թրամփը քննադատել էր այդ համաձայնագիրը՝ բրիտանական իշխանություններին կոչ անելով «չտալ» Դիեգո Գարսիան, թեև մինչ այդ հավանություն էր տվել գործարքին։

«Թրամփը հրաժարվել է աջակցել Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերի՝ Չագոս կղզիները Մավրիկիոսին հանձնելու գործարքին, քանի որ Միացյալ Թագավորությունը չի համաձայնել թույլատրել բրիտանական բազաների օգտագործումը Իրանի վրա հարձակվելու համար»,- ասվում է հոդվածում։

Նշվում է, որ Սպիտակ տունն ավելի վաղ Իրանին հարվածելու ծրագիր էր մշակել, որը ներառում էր Դիեգո Գարսիա բազայի, ինչպես նաև Անգլիայի Ֆերֆորդ ավիաբազայի օգտագործումը, որտեղ տեղակայված են ԱՄՆ ՌՕՈւ ծանր ռմբակոծիչները։

Սակայն, թերթի տեղեկություններով, Լոնդոնը մինչ օրս ամերիկացիներին թույլ չի տվել օգտագործել իր բազաները, քանի որ վախենում է իրավական հետևանքներից։

Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Խաղաղության խորհրդի նիստում, հայտարարել է, որ Իրանի հետ գործարքի հարցում հստակություն կարող է լինել առաջիկա 10 օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ կարող են «շատ վատ բաներ» տեղի ունենալ, եթե Թեհրանը չհամաձայնի գործարքին։

Sputnik Արմենիա