Անորոշ ժամանակով հետաձգվել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ-Վրաստան երկխոսության հերթական նիստը։ Այն պետք է կայանար նոյեմբերի 21-ին Բրյուսելում։
Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպերը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հանդիպումը հետաձգվել է «վրացական կողմից առաջացած խոչընդոտների պատճառով», փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Նա նաև հաստատել է իր «պատրաստակամությունը այս հարցի շուրջ հանդիպում անցկացնելու և մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը ներկայացնելու համար»։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը հետաձգվել է այն բանից հետո, երբ վրացական իշխանությունները պատվիրակության կազմում ներառել են պատժամիջոցների ենթարկված պաշտոնյայի։
Ի պատասխան՝ Վրաստանի ԱԳՆ-ն Բրյուսելին մեղադրել է շահարկումների մեջ։ Թբիլիսին կարծում է, որ ԵՄ-ն հանդիպումը հետաձգել է «ամբողջովին անընդունելի և անհիմն պատրվակներով»։
Գերատեսչությունից ընդգծել են, որ մանրակրկտորեն պատրաստվել են նիստին և դիտարկել են այն որպես «Եվրամիության հետ փոխգործակցության հնարավորություն, այդ թվում՝ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մեր հասարակությունը հաճախ քննադատություն է լսում Բրյուսելի կողմից»։ Ըստ ԱԳՆ հայտարարության, պատվիրակության կազմը ձևավորվել է «հաշվի առնելով այդ կարիքները»։
«Վերոնշյալ հարցի օգտագործումը հետագա շահարկումների համար առաջացնում է հիմնավոր կասկածներ և այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Եվրոպական միության արտաքին կապերի ծառայությունը մղված չի եղել հանդիպում անցկացնելու անկեղծ ցանկությամբ և որ Բրյուսելը պատրաստ չէ լսել վրացական կողմի հիմնավորված դիրքորոշումները, այդ թվում՝ այն հարցերի շուրջ, որոնք օգտագործվել են Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը դադարեցնելու համար»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարությունը շեշտել է կառուցողական մոտեցման նկատմամբ իր հանձնառությունը և երկխոսության այլընտրանքի բացակայությունը՝ նշելով, որ Վրաստանի մասնակցությունը ԵՄ-ի հետ տարբեր բանակցային ձևաչափերին հնարավոր է միայն «Բրյուսելի կողմից կասեցված երկխոսության լիարժեք վերսկսումից» հետո։
Մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությունները հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԵՄ արտաքին քաղաքականության հիմնական գործիքներից մեկը։ Դրանք ներառում են ԵՄ Արտաքին գործողությունների ծառայության, գործընկեր երկրների կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Վերջին՝ 16-րդ հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիում 2023 թվականին, իսկ 2024 թվականի փուլը հետաձգվել է։
«Վրացական երազանք»-ի և Բրյուսելի միջև հարաբերությունները վատթարացել են 2024 թվականի գարնանը՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։ ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության հայտի քննարկման գործընթացը, սառեցրել ֆինանսական աջակցության մի մասը և դադարեցրել կառավարության հետ բարձրագույն մակարդակի շփումները։ Եվրախորհրդարանը չի ճանաչել 2024 թվականի վիճահարույց խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է իշխող կուսակցությունը։ Նույն օրը վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը մինչև 2028 թվականը օրակարգից հանում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների հարցը։ Որոշումը զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել ողջ երկրում։
ԵՄ-ի ընդլայնման մասին 2025 թվականի զեկույցում նշվում է, որ Վրաստանը «լուրջ հետընթաց» է գրանցում գրեթե բոլոր ուղղություններով և ԵՄ թեկնածու է մնում միայն «անվանականորեն»։ Զեկույցը քննադատում է հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և ԼԳԲՏ-ի դեմ ուղղված հակադեմոկրատական օրենքների ընդունումը, հավաքների և կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները, ինչպես նաև «քաղաքական բանտարկյալների» գոյությունը։ Եվրահանձնաժողովը շեշտել է, որ իշխանությունների գործողությունները հակասում են ԵՄ արժեքներին և թեկնածու երկրից ակնկալիքներին։
Զեկույցի հրապարակումից հետո Վրաստանը չի հրավիրվել նոյեմբերի 18-ին կայացած ԵՄ ընդլայնման ամենամյա ֆորումին։
News.am
