Логотип

Բքի պատճառով Գորիս չհասած սիսիանցի դիմորդների համար նոր քննություն կլինի փետրվարի վերջին

Փակ ճանապարհների և ձնաբքի պատճառով Գորիսի քննական կենտրոն չհասած և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը բաց թողած սիսիանցի դիմորդների համար նոր քննություն կկազմակերպվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

«Քննությունը կանցկացվի փետրվարի վերջին, որ իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով բացակայած դիմորդները ևս կարողանան օգտվել 2 անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորությունից»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումների արդյունքում։

Խաչանուշ Գրիգորյանը հավելեց՝ քննությունն անցկացվելու է նոր, սակայն համանման ու համարժեք թեստերով։ Նրա խոսքով՝ քանի որ քննության ավարտից հետո թեստերն ու ճիշտ պատասխանները հրապարակվում են, ուստի դրանք չեն կարող ևս մեկ անգամ գործածվել։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք փետրվարի վերջին անցկացվող միասնական քննությունից այսօր բացակայած բոլոր դիմորդներն են մասնակցելու հնարավորություն ստանալու։

Ավելի վաղ Խաչանուշ Գրիգորյանը հայտնել էր, որ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գտնվող քննական կենտրոնում գրանցված 158 դիմորդներից ներկայացել են 118-ը, 40-ը բացակա են։ ԳԹԿ-ից տեղեկացրեցին, որ մանրամասն ուսումնասիրվելու է 40 դիմորդի չներկայանալու պատճառները, և մասնակցության հնարավորություն է տրվելու նրանց, ովքեր բքի և ճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել Գորիս հասնել, քանի որ չի բացառվում՝ այլ պատճառներով էլ բացականեր լինեն։

Sputnik Արմենիա