«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունից։
«2024 թվականի հունիսի 5-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը չկատարելը)»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքների ամփոփումից հետո՝ 2023 թվականի օգոստոսի 4-ին, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման կապակցությամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին» դիմում:
Նշված դիմումով գլխավոր դատախազությունը, ի թիվս այլնի, խնդրել է դատարանին արգելել Գագիկ Ծառուկյանին և նրա կնոջը՝ Բուլղարիայի Հանրապետությունում գրանցված «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ՍՊԸ–ի 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը:
Դատարանը բավարարել է դատախազության դիմումը՝ արգելելով նշված ընկերության 98.03 տոկոս բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը: Ծանուցումը 2023 թվականի օգոստոսի 24-ին առձեռն հանձնվել է Գագիկ Ծառուկյանին:
Իրավասու մարմնի կողմից իրավական օգնություն տրամադրելու մասին հարցում է ուղարկվել Բուլղարիայի Հանրապետություն: Ի պատասխան իրավական օգնություն տրամադրելու մասին հարցման՝ տրամադրվել է Սոֆիայի շրջանային դատարանի դատական ակտը, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ «Գոռնա բանյա շշալցման ընկերություն» ընկերության բաժնեմասերը 2024 թվականի մարտի 15-ին (Բուլղարիայի Հանրապետության իրավասու դատախազի կողմից Սոֆիայի շրջանային դատարան դիմելուց 10 օր առաջ) Գագիկ Ծառուկյանը և նրա կինը իրենց կողմից լիազորված անձի միջոցով վաճառել են 23 միլիոն 850 հազար եվրոյով:
«Այսինքն` Գագիկ Ծառուկյանը և նրա կինն օտարել են այնպիսի գույք, որի օտարումն արգելված է եղել Հակակոռուպցիոն դատարանի` 2023 թվականի օգոստոսի 10-ին կայացված որոշմամբ»,– նշում է դատախազությունը:
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:
Sputnik Արմենիա
