Логотип

Գագիկ Ծառուկյանի փեսան Աբովյան քաղաքին կվերադարձնի 1 մլն 452 հազար դրամով օտարած հողամասը

Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը ստիպված կլինի Աբովյան համայնքին վերադարձնել Սևանի փողոցի 1/3/3 հասցեում գտնվող հողամասը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։

«2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է մի շարք հողատարածքներ: Վերոնշյալ հողատարածքների ցանկում է եղել Կոտայքի մարզի քաղաքի Սևանի փողոցի 1/3/3 հասցեում գտնվող հողամասը, որն օտարվել է Աբովյանի քաղաքապետ Կ.Գ.-ի` 2011 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1180 որոշմամբ»,– ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունից նշել են, որ պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում 2025 թվականի հուլիսի 2-ին դիմել են Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Աբովյան համայնքի կողմից անցկացված աճուրդը և կիրառել աճուրդի անհիմնության հետևանքները։

Նոյեմբերի 14-ին դատարանի որոշմամբ աճուրդը ճանաչվել է անվավեր։ Որպես այդ անվավերության հետևանք՝ անվավեր է համարվել նաև 2011 թվականի սեպտեմբերի 23-ին Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև այդ պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

«Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Աբովյան համայնքին կվերադարձվի Սևանի փողոցի 1/3/3 հասցեում գտնվող՝ 1 միլիոն 452 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը»,– ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում գտնվող գործով Կարապետ Գուլոյանը մեղադրվում է հողատարածքներ ապօրինի օտարելու (65 դրվագ), պաշտոնեական կեղծիքի (49 դրվագ), փողերի լվացման (2 դրվագ) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Հավելենք, որ Կարապետ Գուլոյանը 2008-2015 թվականը զբաղեցրել է Աբովյանի քաղաքապետի պաշտոնը։ 2015 թվականին նշանակվել էր Կոտայքի մարզպետ և պաշտոնավարել մինչև 2018 թվականի մայիսը։ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փեսան է։

Sputnik Արմենիա