ՀՀ նոր Սահմանադրությունն իրավական մասով լրիվ պատրաստ է, այս պահին քաղաքական համատեքստն է մշակվում։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մենք շարունակելու ենք աշխատանքը խորհրդի հետ, որ չքննարկված հարցեր չմնան։ Քանի որ պրոցեսը ստատիկ չէ, այնպես չի լինելու՝ տեքստը հրապարակվեց և վերջ։ Մենք տեքստը կամ դրույթները հրապարակելու ենք, որ հանրության զգացողությունները շոշափենք և անդրադարձ ունենանք։ Այսինքն՝ կարծիքներ հավաքենք, փոփոխենք, և դրանք նույնպես քննարկվելու են խորհրդի հետ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է ճիշտ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին` Գալյանի կարծիքով՝ դա նորմալ է, Փաշինյանի հայտարարությունը քաղաքական է, հայտարարում է այն, ինչ ճիշտ է գտնում, իսկ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներն էլ իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել։
Ինչ վերաբերում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հատուկ կարգավիճակ ունենալու հարցին, Գալյանը նշեց, որ այդտեղ փոփոխություն չի արվել։
«Մեր տեքստում եկեղեցու կտորն այնպես է նախատեսված, ինչպես այսօր է»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որը ներգրավված է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներում, հայտարարել էր, որ խորհուրդը չի քննարկել նոր Սահմանադրության մի զգալի մասը։
Sputnik Արմենիա
