Логотип

Գալյան․ Միքայել սրբազանի առողջության հետ կապված ծայրահեղ խնդիր այս պահին արձանագրված չէ

Միքայել սրբազանի առողջության հետ կապված ծայրահեղ որևէ խնդիր այս պահին արձանագրված չէ։ Այդ մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Բացի այդ, նա նշել էր, որ այդ առնչությամբ սրբազանի փաստաբանի դիմումը չեն ընդունում` բյուրոկրատական քաշքշուկ են ստեղծում։

«Բյուրոկրատական քաշքշուկ չկա, ու կձեռնարկվեն այն միջոցները, որոնք պետք է լինեն առողջության պահպանման համար։ Փաստաբանի կողմից դիմումը չի ներկայացվել։ Ես հանձնարարել եմ, որ եթե նրա փաստաբանները տեղյակ չեն` ինչպես ներկայացնեն դիմումը, ապա ՔԿՀ–ների մեր իրավաբանը կմոտենա խափանման միջոցը կրող անձին ու կվերցնի դիմումը»,– նշեց նախարարը։

Գալյանը վստահեցրեց, որ այն պահին, երբ կներկայացվի համապատասխան դիմում, առողջապահության նախարարությունը, ոչ թե արդարադատության նախարարությունը, համապատասխան գործիքակազմ կկիրառի, և անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնությունը։

«Բոլորի առողջական վիճակները գնահատվում են և մինչ այս պահը որևէ սուր խնդիր չի արձանագրվել»,– ընդգծեց նախարարը։

Ինչ վերաբերում է մեկ տարվա ընթացքում ՔԿՀ–ներում արձանագրված 23 մահվան դեպքերին, ապա Գալյանը տեղեկացրեց, որ դրանցից 8–ին առողջության վատթարացման հետևանքով տեղափոխել են համապատասխան բուժհաստատություններ, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել։ Մյուս 15 դատապարտյալների դեպքում խնդիրը կապված է եղել հոգեկան առողջության հետ։

Ըստ նրա` խնդրի կարգավորման համար պետք է արագացնել նաև կառավարության համապատասխան որոշումների փոփոխությունների կատարումը, ըստ որոնց` սահմանվում է պատժի ու կալանքի կրման անհամատեղելի հիվանդությունների ցանկը։

Sputnik Արմենիա