Логотип

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը դադարեցնում է բոյկոտը և մտնում Վրաստանի խորհրդարան

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը որոշել է տեղ զբաղեցնել Վրաստանի խորհրդարանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիորգի Շարաշիձեն։

Այսպիսով, կուսակցության կողմից 11-րդ գումարման խորհրդարանի բոյկոտն ավարտվել է։

«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը հայտարարել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո որոշում է կայացվել խորհրդարանը բոյկոտելու մասին, սակայն քաղաքական ուժը խոստովանել է, որ «քաղաքական բողոքի այս ձևը չի կանգնեցրել «Երազանքի» չար մեքենան և չի կանխել դե ֆակտո իշխանությունների այնպիսի կործանարար որոշումները, ինչպիսիք են՝ Վրաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի կասեցումը, հակադեմոկրատական և մարդու իրավունքների մասին օրենքների ընդունումը, Վրաստանում իրավիճակի սրումը, ավտոկրատական ռեժիմը, քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունը, ազատ և արդար ընտրությունների գողությունը և բազմաթիվ այլ հանցավոր, հակաժողովրդական ու հակապետական գործողություններ»։

Գեորգի Շարաշիձեն հայտարարել է, որ խորհրդարանի բոյկոտը վերածվել է ամբողջ քաղաքական գործընթացի բոյկոտի և ընդդիմությանը դուրս է մղել քաղաքական ասպարեզից, մինչդեռ «Վրացական երազանքին» հնարավորություն է տրվել արագ գործել՝ առանց որևէ դիմադրության և ավտորիտարիզմը ուժեղացնելու, ինչը հանգեցրել է հոկտեմբերի 4-ի սադրանքին՝ իշխանությունների դեմ ցուցարարների մի մասի կողմից գրոհի փորձին։

Ընդդիմադիրը նշել է, որ մեկ տարի առաջ կուսակցությանը չի հաջողվել համոզել հանրությանը և քաղաքական սպեկտրին, որ պատգամավորական մանդատների վերացումը սխալ էր, սակայն դրան հաջորդել է իրադարձությունների շղթա, որոնք մեզ հասցրել են ներկայիս «բարդ իրավիճակին»։

«Մենք այլևս չենք պատրաստվում մնալ ո՛չ մեր սեփական սխալների գերության մեջ, ո՛չ էլ պատրանքների մեջ և ո՛չ էլ ինքնախաբեության մեջ։ Հոկտեմբերի 4-ի անպատասխանատու և սադրիչ գործընթացները սրեցին իրավիճակը, լուրջ վնաս հասցրին առանց այն էլ թուլացած ընդդիմադիր դաշտին և «Երազանքին» առիթ տվեցին արդարացնելու ավտորիտարիզմի ուժեղացումը իր կողմնակիցների շրջանում»։

«Մենք տեսնում ենք նոր հակադեմոկրատական օրենքներ, որոնք արգելում են խոսքի ազատությունը, ձերբակալված տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ լրագրողներ, ինչին գումարվել է այսպես կոչված կրթության նոր բարեփոխումը, որը սահմանափակում է մեր նոր սերնդի համար եվրոպական կրթության հասանելիությունը։ Մենք տեսնում ենք հակաեվրոպական քարոզչության ուժեղացում և ուղիղ հարձակումներ՝ գործընկեր պետությունների դեսպանների վրա», – կարծում են կուսակցությունում։

Գեորգի Շարաշիձեն անդրադարձել է նաև Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերին Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից «խորհրդակցությունների համար» հետ կանչելու թեմային՝ նշելով, որ «Վրացական երազանքը» վնաս է հասցնում Վրաստանի ազգային և պետական շահերին։

Նա ընդգծել է, որ պետք է ընդունել, որ ընդդիմության անհետացումը քաղաքական գործընթացից «մարդկանց խոցելի է դարձրել ռեժիմի համար. ամեն օր մենք ունենում ենք նոր քաղաքական բանտարկյալներ»։

«Ահա թե ինչու է մեր գլխավոր նպատակը այլախոհության գոյատևման համար պայքարելը։ Այս երկրում կա մեկ այլ ճշմարտություն և մենք պետք է հրապարալենք այդ ճշմարտությունը։ Այդ պատճառով մենք սկսում ենք բոլոր քաղաքական գործիքներն ու հարթակները, որոնք նախատեսված են ժողովրդի համար, վերադարձնել ժողովրդի ծառայությանը, քանի որ Վրաստանի ներկայացուցչական մարմինները՝ Քաղաքային խորհուրդը (Սակրեբուլոն) մունիցիպալ մակարդակում և խորհրդարանը ազգային մակարդակում, չեն պատկանում «Երազանքին» և պատկանում են միայն վրաց ժողովրդին», – հայտարարել է «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդներից մեկը։

Շարաշիձեն նշել է, որ երկու արմատական ​​կողմերի տարբեր կարծիքների մերժումը հանգեցրել է «ատելության և փոխադարձ բախման վտանգավոր եզրագծի և ամբողջ երկիրը հայտնվել է ատելության պարույրի մեջ։ Մեզ ամենաշատը անհրաժեշտ է վերադարձ կատարել ողջամիտ, չափավոր և հետևողական քաղաքականությանը՝ բոլոր մակարդակներում»։

«Խորհրդարանի և քաղաքային խորհուրդների ամբիոնը չօգտագործելը, հատկապես այս բարդ ժամանակահատվածում, ոչ միայն սխալ է, այլև հանցագործություն երկրի և ժողովրդի դեմ։ Վրաստանի քաղաքացիների ձայներն ու տարբեր կարծիքները պետք է լսվեն Վրաստանի խորհրդարանում։ Ժամանակն է ստին պատասխանել ճշմարտությամբ, իսկ ատելությանն ու թշնամանք հրահրելուն՝ ռացիոնալ, հանգիստ, չափավոր և հետևողական քայլերով», – եզրափակել է Գեորգի Շարաշիձեն։

News.am