«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը մեկնաբանել է շարժման հանրահավաքի հետ կապված քրեական գործ հարուցելու վերաբերյալ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը։
Նա հիշեցրել է, որ շարժումը նախկինում կոչ էր արել իշխանական ԶԼՄ-ներով տարածված շինծու ձայնագրության մասնակիցներին փնտրել ուժային կառույցների հետ փոխկապակցված վայրերում։
«Բեմադրված ձայնագրության հեղինակները բազմաթիվ առիթներ են ունեցել համոզվելու, որ ժողովրդական շարժումը շահագրգռելու միջոցով քաղաքացիների ներգրավման խնդիր չունի, քանի որ իշխանության վարած` տրամաբանությունից դուրս քաղաքականությունն անխուսափելիորեն բերում է մեր հասարակության վրդովմունքին»,- նշել է նա:
Ղահրամանյանը հավելել է, որ անձանց ապօրինի գաղտնալսման իմիտացիա ստեղծելը, ապօրինի գաղտնալսելն ու հրապարակելը հանցագործություն է, որը ևս պետք է հստակ իրավական գնահատական ստանա։
Քննչական կոմիտեն իշխանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված ձայնագրությունների ֆոնին քրեական վարույթ էր նախաձեռնել «Մեր ձևով» շարժման հոկտեմբերի 20-ի հանրահավաքին «մասնակցելու համար նյութապես շահագրգռելու» հոդվածով։
ՔԿ-ի տվյալներով՝ վարույթում 3 անձ է ներգրավվել՝ Գ.Ս.-ն, Բ․Ս-ն, Հ․Մ-ն։ Վերջինիս նկատմամբ դատարանը խափանման միջոց էր կիրառել կալանավորումը: Կասկածյալների ինքնությունը չի բացահայտվում։
Հոկտեմբերի 21-ին, անդրադառնալով վերոնշյալ ձայնագրություններին, «Մեր ձևով» շարժումը երկու լրատվամիջոցից պահանջել էր հերքել տարածած զրպարտությունը։ Շարժման մամուլի խոսնակը նշել էր, որ շարժումը որևէ կապ չունի այդ ձայնագրությունների հետ և հայտարարել, որ եթե չհերքեն՝ պահանջելու են պարզել, թե ովքե՞ր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում։
Հոկտեմբերի 20-ին ուժայինները ձերբակալել, այնուհետ 2 ամսով կալանավորել էին «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Նրան բերման էին ենթարկել, երբ փորձել էր կանխել ոստիկանության կողմից ուժի կիրառումը Գյումրիի քաղաքապետարանի մոտ ակցիա իրականացնողների նկատմամբ։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։
Armenia Today
