Միքայել սրբազան Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն այսօր մասնակցում է խորհրդարանում ընթացող՝ ՔԿՀ–ներում մահվան և ինքնավնասման դեպքերին վերաբերող փակ քննարկմանը։
Պատգամավորը նշեց, որ այդ հարցը նաև բարձրաձայնել է փակ քննարկման ժամանակ։
«Սա շատ զգայուն հարց է, այն պետք է օր առաջ լուծվի։ Սրբազանին պետք է հնարավորություն ստեղծվի անմիջական իր բժշկի հսկողությամբ և մասնակցությամբ վիրահատություն կատարվի։ Արձանագրված տխուր վիճակագրությունը նաև մեզ զգոնության, սթափության առիթ պետք է լինի. պետք է այնպես անենք, որ արձանագրված 23 դեպքը չդառնա 24։ Աստված չանի, որ 24–րդը դառնա սրբազան հայրը»,– ընդգծեց նա։
Նա ընդգծեց, որ այս հարցում պահանջատեր է լինելու, ու իր պահանջը պետք է անհապաղ բավարարվի, որպեսզի սրբազանը պատշաճ օգնություն ստանա։
Պատգամավորը հավելեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել։
Դանիելյանը նաև տեղեկացրեց, որ Միքայել սրբազանի պաշտպանն արդեն համապատասխան դիմում է ուղարկել, սակայն արհեստական խոչընդոտներ են ստեղծում` ասելով, թե որոշ բաներ պետք է փոխվեն դիմումի ձևակերպումների մեջ։
Sputnik Արմենիա
