Логотип

Գարեգին Բ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից

Հայրենի մեր երկրում եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից։ Այս մասին այսօր Հայաստանի տարբեր թեմերից Մայր աթոռ Սուրբ Էջմիածին ուխտի եկած շուրջ 650 երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հայտնում են Մայր աթոռի տեղեկավական համակարգից։

«Վերջին մեկ տարում ականատես ենք աննախադեպ ճնշումների՝ եպիսկոպոսների անօրինական ձերբակալությունների, հոգևոր սպասավորության իրականացմանն ուղղված արհեստական խոչընդոտների, մեր հնամենի վանքերի ու եկեղեցիների բռնազավթման փորձերի։ Իշխանությունների ակնհայտ հովանավորչությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված և կարգալույծ հռչակված անձը շարունակում է զավթված պահել առաջնորդարանը և դատարանի ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի որոշումներով՝ աշխարհիկ կարգավիճակով գործել որպես թեմակալ առաջնորդ»,- ասել է կաթողիկոսը։

Վեհափառ հայրապետը հիշեցրել է, որ իշխող ուժն իր նախընտրական ծրագրում ներառել է նաև եկեղեցուն վերաբերող դրույթներ՝ դրանք անվանելով մերժելի, իսկ կատարված քայլը՝ հակասահմանադրական։

Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը շեշտել է, որ պատմության ընթացքում էլ եկեղեցին բազմապիսի փորձությունների է առերեսվել ու միշտ հաղթահարել դրանք։

«Այսօր էլ Հայ եկեղեցին մնում է մեր ազգային վերելքի նախանձախնդիր սպասավորը՝ մեր երկրի զորացման, հասարակական համերաշխության անդավաճան ջատագովը և շարունակելու է պաշտպանել մեր ազգային իրավունքները, իղձերն ու նպատակները»,- եզրափակել է իր խոսքը վեհափառ հայրապետը։

Օրհնության խոսքից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին, որոնք առնչվում էին Հայ եկեղեցու երիտասարդական ծրագրերին, հովվական գործունեությանը և եկեղեցու առաքելությանն՝ ի նպաստ երիտասարդների ներգրավվածությանը։

Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին։

Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից:

Sputnik Արմենիա