Логотип

Գարեգին Բ-ի աջակիցներն ու հակառակորդները Էջմիածնում. ի՞նչ է կատարվում Մայր աթոռի տարածքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այս պահին հարյուրավոր մարդիկ են հավաքվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ մի կողմում հավաքվել են եկեղեցու աջակիցները, մյուս կողմում` կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների և հակաեղեկեցական արշավ սկսած Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։

Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են ժամը 17:00-ին գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ ժամը 17:00-ին: Բազմաթիվ քաղաքացիներ, հանրային, քաղաքական գործիչներ հայտարարել են, որ Մայր աթոռ են գնալու՝ ի պաշտպանություն կաթողիկոսի և եկեղեցու։ ՀՀ ՆԳՆ-ն էլ այսօր առավոտյան հորդորեց զերծ մնալ սադրիչ գործողություններից` նշելով, որ իրականացվելու են օրենքով իրենց վերապահված գործառույթները։

Հավատացյալ ժողովուրդը հավաքվել է Մայր տաճարի մուտքի մոտ և սպասում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նա հոգևորականների ուղեկցությամբ պետք է գա ժամերգության։ Հնչում է հայրապետի պահպանության մաղթերգը։ Հակաեկեղեցական արշավի կողմնակիցները բղավում են` «հեռացիր», բայց նրանց ձայնը խլացնում են հավատացյալների վանկարակումները. «Սրբազան, սրբազան, վեհափառ, վեհափառ»։