Логотип

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ՀԱԿԱՀԱՐՎԱԾ Է ՀԱՍՑՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Ի՞նչ գործընթացներ են ընթանում Հայ Առաքելական եկեղեցում եպիսկոպոսների ժողովից առաջ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Հայաստանում ծավալվել է ոչ թե պարզապես քաղաքական, այլ քաղաքակրթական բախում, որի առանցքային մարտադաշտը դարձել է գործող իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի և աշխարհի ամենահնագույն ինստիտուտներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) միջև առկա դիմակայությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին արժեզրկելուն և հեռացնելուն ուղղված զանգվածային արշավը հետապնդում էր ռազմավարական նպատակ. երկրին զրկել հզորագույն բարոյա-գաղափարական խարսխից, Հայաստանի և Սփյուռքի միջև կապող օղակից, և հող նախապատրաստել արմատական արտաքին քաղաքական վերափոխումների համար։ Սակայն Եկեղեցին պառակտելու ջանքերն այս պահին Փաշինյանին ցանկալի արդյունք չեն բերել։

Եկեղեցու հակահարձակման անցնելու մասին ազդարարող առանցքային պահը եղավ եպիսկոպոսության ակտիվացումը և դեկտեմբերի 10-12-ը արտահերթ ժողովի նշանակումը։ Կաթողիկոսի նախաձեռնած միասնության այս ցուցադրությունը վճռորոշ նշանակություն ունի. այն ոչ միայն չեզոքացնում է ճգնաժամի հետևանքներն, այլև ապահովում է լիակատար օրինականություն (լեգիտիմություն) ցանկացած կանոնական և կառավարչական որոշումների համար, որոնք կընդունվեն առաջիկա Ժողովում։

Այսպիսով, Գարեգին Բ-ն հզոր պատասխան հարված է հասցնում՝ ուղղված միանգամից ճնշման երեք կենտրոնների դեմ՝ ներքին (Փաշինյանի կառավարությունը) և արտաքին (Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները)։

Եկեղեցու վրա հարձակման սկիզբն անքակտելիորեն կապված է արտաքին քաղաքականության հետ։ Փաշինյանի անձնական արշավը Կաթողիկոսի դեմ հետևեց անմիջապես այն բանից հետո, երբ ՀԱԵ-ն, Կաթողիկոսի նախաձեռնությամբ, Շվեյցարիայում միջազգային համաժողով անցկացրեց, որտեղ կտրուկ քննադատեց Բաքվին Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համար և խոսեց Արցախի հայերի վերադարձի իրավունքի մասին։ Այս զուգադիպությունը պատահական չէ. Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն հրապարակայնորեն ՀԱԵ-ն անվանեց «ռևանշիստական կառույց», ինչը լիովին համապատասխանում է ՀՀ իշխող կուսակցության հռետորաբանությանը։ Եկեղեցու՝ որպես պատմական հիշողության գլխավոր պահապանի և Սփյուռքի հետ կապող օղակի վերացումը ընդհանուր ռազմավարական նպատակ է, որը ձեռնտու է և՛ Անկարային, և՛ Բաքվին։

Ներքին պայքարի գագաթնակետը դարձավ ակնհայտ բռնի պառակտման փորձը, երբ ճնշման և, ենթադրաբար, կոմպրոմատային շանտաժի ներքո, 10 եպիսկոպոս հանդես եկան Կաթողիկոսի անհապաղ հրաժարականի պահանջով և նույն օրը հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա ուղիղ քաղաքական միջամտություն էր, որն, ըստ մտահղացման, պետք է անդամալույծ աներ Էջմիածնին։ Սակայն արձագանքը հակառակն էր. 28 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ հանդես եկան հայտարարությամբ՝ հաստատելով իրենց որդիական հավատարմությունը Գարեգին Բ-ին։ Նրանք կտրականապես դատապարտեցին ներեկեղեցական հարցերը կանոնական ընթացակարգերից դուրս լուծելու փորձերը և Կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ բաց թողնելու գործողություններն անվանեցին «պառակտման տարրեր»։

Քաղաքական ճնշման դեմ այս համընդհանուր համախմբումը (ի դեպ, Կաթողիկոսին սատարելու հարցում համախմբվեցին նաև Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական և ռուսական թեմերը) պառակտման փորձը դարձնում է անիմաստ ու ձախողված։ Այս պահին Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կոնֆլիկտից դուրս է գալիս ոչ թե թուլացած, այլ, ընդհակառակը, համախմբված եպիսկոպոսության կողմից տրված օրինականությամբ (լեգիտիմությամբ) ամրապնդված։

Այս «ցեմենտացնող» ակտն ուղղակի հակազդեցություն է Փաշինյանի քաղաքականությանը, որն ուղղված է «Չորրորդ Հանրապետության» հիմնադրմանը, որը պետք է հրաժարվի պատմական նարատիվից, զրոյացնի Անկախության հռչակագիրը և Եկեղեցու դերը սահմանափակի ՀՀ գոյություն ունեցող սահմանների ներսում տեղական կառույցի չափով։ Եկեղեցու համախմբումը, ընդհակառակն, այն պահպանում է որպես գլոբալ ինստիտուտ՝ ազգային ինքնության առանցքային բաստիոն, որն իրավունք և հեղինակություն ունի խոսելու պատմական Հայաստանի ճակատագրի և դրա ժառանգության մասին, ինչն ամենահզոր գաղափարական մարտահրավերն է Ալիևի և Էրդողանի տարածաշրջանային օրակարգին։

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News