Այստեղ հանրային մեղադրողը հայտարարում է, որ Վարդան Ղուկասյանը վկաների վրա կարող է ազդեցություն ունենալ, ենթադրենք կա այդպիսի վկա, Վարդան Ղուկասյանը անազատության մեջ է, տեսակցությունների վրա արգելք կա, ավելացրեք, թող ընտանիքի անդամներին էլ չտեսնի, եթե մեղադրող այդպիսի վկայի անուն տա, այդ վկայի ցուցմունքը 180 աստիճան փոխեք։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, հակակոռուպցիոն դատարանում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով նրան, որ մեղադրողը միջնորդել է, որ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացվի։
«Վարդան Ղուկասյանի ազատության մեջ գտնվելը կապ չունի վկայի վրա ազդելու հետ։ Նույն այս հակակոռուպցիոն դատարանում արդեն երեք տարուց ավել գործ է քննվում, որի մասին 100 անգամ Ազգային ժողովում խոսել եմ։ Պատճառաբանելով, որ 170 քանի վկա կա, զինվորականներ, որոնց կեսը Հայաստանում չեն, երեք տարի Արցախի պաշտպանության բանակի հրամանատարին պահում էին անազատության մեջ, էլի նույն պատճառով, որովհետև Նիկոլ Փաշինյանը նրան կարգել էր որպես մեղադրյալ։ Այս առումով որևէ խափանման միջոց սահմանափակում չի մտցնում, իսկ պատգամավորների երաշխավորությունը, ամեն մեկս գիտակցում ենք մեր խոսքի արժեքը։ Այն պատասխանատվությունը բարոյական, քաղաքական, որ ունի Վարդան Ղուկասյանը գյումրեցիների առաջ, միացնում ենք մեր անհատական երաշխավորությունը որպես պատգամավոր, որպես Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության անդամներ։
2018 թվականից Հայաստանում մի մարդ հարձակվում է ձեր դատական համակարգի վրա, հարձակվում է զինվորականության վրա, հարձակվում է տեղական ինքնակառավարման վրա։ Աբսուրդ է, բայց Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքների քաղաքապետերը քաղաքական նպատակով անազատության մեջ են հայտնվում։ Եկեք կտրենք այս շղթան և կոնկրետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխենք»,–ասաց նա։
Նշենք, որ Վարդան Ղուկասյանի համար երաշխավորեցին նաև պատգամավորներ Մհեր Մելքոնյանն ու Գառնիկ Դանիելյանը, նաև դերասան Լևոն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ-ն նոյեմբերի 21-ին հայտնել էր, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։
News.am
