Логотип

Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկել է Մայր աթոռի հարցով դիմել միջազգային կառույցներին

ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդն առաջարկել է պետական քարոզչամեքենայի կողմից եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ դիմել միջազգային կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Նշվում է, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովն անցկացվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում երեկ՝ դեկտեմբերի 18-ին։

Միաժամանակ, Գերագույն հոգևոր խորհուրդը հրատապ է համարել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը մոտ ապագայում՝ ստեղծված մտահոգիչ իրավիճակի հաղթահարման համար։ Տրվել են համապատասխան հանձնարարականներ։

«Ժողովին անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին, տասը եպիսկոպոսների խոտոր ընթացքին և դրա պառակտիչ հետևանքներին, եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի հաղթահարման ուղիներին»,- հայտնում են Մայր աթոռից։

Քննարկվել են նաև հոգևորականների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն ու նախաձեռնված իրավական գործընթացները։ Շեշտվել է, որ Մայր աթոռը բոլոր հասանելի օրինական միջոցներով հետամուտ է լինելու եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանությանը, եկեղեցապատկան բռնազավթված սրբավայրերի վերադարձմանը։

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, վիրավորում ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում Հայոց եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։

Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով։

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտել է նախօրեին վանքի հոգևոր մթնոլորտը խաթարած հակաօրինական գործողությունները։

Ժողովականներն իրենց գնահատանքն են հայտնել այս դժվարին օրերին Հայոց եկեղեցու նկատմամբ հավատարմություն դրսևորած հոգևորականներին, հավատավոր ժողովրդին՝ հակառակ կազմակերպված խժդժությունների դրսևորած զգոնության, եկեղեցանվիրումի և հավատարմության համար։

Sputnik Արմենիա