Логотип

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամի հարցաքննության են կանչել

Այսօր Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամներ ՀՀ քննչական կոմիտե են հրավիրվել հարցաքննության։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Դրա պատճառով Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովը չի կայացել»,- ասաց քահանան։

Վկայի կարգավիճակով ՔԿ են կանչվել Գևորգ Դանիելյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը, Շահեն Կարամանուկյանը, Միքայել Մալխասյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ինքն անձամբ որպես փաստաբան մասնակցել է նրանցից երկուսի հարցաքննությանը։

«Հրավիրվել են այն նույն ժամին, երբ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, և, ըստ էության, սա նույնպես եղել է անուղղակի միջամտություն եկեղեցու ներքին գործերին, որևէ հրատապություն ես չեմ պատկերացնում»,- ասում է Մելիքյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում» և շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։ Փաստաբանի խոսքով՝ առանձնապես էական չէ այն հանգամանքը, որ նրանք հրավիրվել են վկայի կարգավիճակով, սա միևնույնն է՝ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։

Մելիքյանը շեշտում է՝ սա այն նույն քրեական վարույթն է, որի շրջանակում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, 6 եպիսկոպոսներ և 1 քահանա մեղադրյալի կարգավիճակ ունեն։