Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը դատապարտում է եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները, ինչպես նաև հակաեկեղեցական հռետորաբանությունը։ Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Նոյեմբերի 4-7-ը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարգեին Բ-ի գլխավորությամբ անցկացված ժողովի ընթացքում ընդգծվել է, որ եկեղեցականներին առաջադրված մեղադրանքները և խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և հակասում են արդար դատաքննության իրավունքի ու անձի ազատության սահմանափակման միջազգային չափանիշներին:
Զեկույցներով հանդես են եկել իրավապաշտպաններ Արա Զոհրաբյանը, Արամ Վարդևանյանը, Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Հովհաննես Խուդոյանը, միջազգային փորձագետ Արա Ղազարյանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, պատմաբան Միքայել Մալխասյանցը։
Ընդգծվել է անհրաժեշտությունը վերականգնելու Հովհաննավանքի նկատմամբ Մայր աթոռի իրավունքները՝ հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանության համար։
Ժողովի օրակարգում են եղել Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող դատական գործընթացների, արցախահայերի իրավունքների, Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերը։
Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատել է եկեղեցու պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը Քույր Եկեղեցիների ու միջազգային կրոնական կառույցների հետ համագործակցությամբ նպաստելու գերիների վերադարձին և մարդու իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների կիրառմանը։
Քննարկումների առանցքում են եղել նաև հանրակրթական ծրագրերում և Հայոց պատմության դասագրքերում տեղ գտած մտահոգիչ դրույթները։ Պատմաբան Միքայել Մալխասյանցը ներկայացրել է օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են աղճատվում Հայոց պատմության տարբեր փաստերը և խեղաթյուրվում իրադարձությունները՝ նսեմացնելով պատմական դեմքերի ու դեպքերի, եկեղեցական և պետական գործիչների պատմական դերը։
«Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ մտահոգությամբ նկատեց, որ նման մոտեցումները վտանգում են սերունդների ազգային ինքնության և պատմական հիշողության շարունակականությունը՝ կարևորելով ազգային խորհրդանիշների արժևորման և դրանց հանդեպ հարգանքի ու պատշաճ վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտությունը, նաև ընդգծելով Եկեղեցու առաքելությունը ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների պահպանման գործում»,- նշված է տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի օրակարգում բազմաթիվ հարցեր են, այդ թվում՝ հակաեկեղեցական արշավը։
Sputnik Արմենիա
