Գերագույն հոգևոր խորհրդի ժողովից առաջ այսօր՝ մարտի 13-ին, քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել խորհրդի հոգևոր մի քանի անդամների։ Ժողովը չի ընդհատվել, քանի որ նրանք հրաժարվել են գնալ՝ պահանջելով ծանուցագրեր ուղարկել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Տեր Եսային նշեց, որ ծանուցումներն ավելի ուշ ուղարկվել են էլեկտրոնային եղանակով, նրանք քննչական կոմիտե կգնան օրվա երկրորդ կեսին։
Հիշեցնենք, որ նախօրեին ժողովը ընդհատվել էր այն բանից հետո, երբ քննչական կոմիտեն հարցաքննության էր կանչել խորհրդի աշխարհիկ անդամներից մի քանիսին։ Նրանք բոլորը որպես վկա էին կանչվել հարցաքննության՝ նույն գործով, որով մեղադրանք է առաջադրվել կաթողիկոսին և մի քանի եպիսկոպոսների։ Նրանք մեղադրվում են կարգալույծ հռչակված եպիսկոպոս Գևորգ Սարոյանին պաշտոնում վերականգնելու՝ դատարանի որոշումը չկատարելու մեջ։
