Վերջապես Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ (հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել) հանցակազմի բացակայության և ապաքրեական լինելու մասին եզրակացությունը: Այս մասին հայտնել է ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը:
«Հիշեցնեմ, որ այս հոդվածով մեղադրանքը իմ դեմ հարուցված հերթական քաղաքական հետապնդումն էր, որի հետևանքով անցած տարի Սրբազան շարժման ժամանակ կեղծ և շինծու ձայնագրություններով ինձ և Վայոց ձորի ՀՅԴ կառույցի ղեկավար մարմնի տասնյակից ավել ընկերների բանտարկեցին։
Փաստորեն, Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությամբ հայտնում է, որ 2024 թվականին ես ու իմ ընկերները շուրջ կես տարի կալանավորված ենք եղել մի մեղադրանքով, որը ապաքրեական է, հանցակազմ չի պարունակում և շուտով, ըստ եզրակացության, պետք է կարճվի։
44-օրյա պատերազմից հետո քաղաքական տարբեր ակտիվ զարգացումների ընթացքում իմ դեմ հարուցվել է 13 քրեական գործ, շուրջ քսան կալանավորելու փորձ, որոնցից երկուսի դեպքում բանտարկվել եմ 2022 թվականին՝ Դիմադրության շարժման ժամանակ՝ 7 ամիս, 2024 թ. Սրբազան շարժման ժամանակ՝ շուրջ կես տարի ժամկետով։
Քրեական 13 գործից 11-ով արդարացվել եմ կամ գործերը կարճվել են, և, ըստ տրամաբանության, տասներկուերորդ քրեական գործն էլ է կարճվելու։
Չբացառելով, որ ապագա ակտիվ քաղաքական իրադարձությունների ժամանակ հնարավոր է ևս մի շինծու մեղադրանքով ինձ մեկուսացնելու հերթական փորձն անեն, ուզում եմ հիշեցնել ու փաստել մեր պայքարի ճանապարհին իմ ու իմ ընկերների նկատմամբ շարունակվող քրեաքաղաքական հետապնդումները, որքան էլ զազրելի ու ճղճիմ են իրենց բնույթով ու դրսևորումներով, միևնույն ժամանակ պատվաբեր են։
Հ.Գ. Ինձ համար առանց Հայսատանի, Արցախի ու հայ ժողովրդի ազատության ամեն ինչ բանտ է։ Իսկ հետապնդումներն ու բանտարկությունները՝ այդ ազատությունն արժանապատիվ մարդու կողմից նվաճելու ճանապարհ»,- հայտնել է նա:
Alpha News