Անցած շաբաթը բավական հագեցած և տեղեկատվությամբ լեցուն էր Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ կալանավորներին վերաբերող հարցերում: Երևանում տեղի ունեցավ այդ խնդրին նվիրված կլոր սեղան, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնեց Պետդեպարտամենտից ստացած «բեկումնային նամակի» մասին, խնդիրը բարձրացվեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, բնականաբար՝ ընդդիմադիր պատգամավորների ջանքերով։ Վերջապես, Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավորը շտապ հարցումներ ուղարկեց Բաքվում անցկացվող ինքնադատաստանին ԵՄ ներկայացուցիչների ուղարկելու հնարավորության մասին։
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է մինչև նոյեմբերի 4-ը հաշվետվություն ներկայացնել 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: Ընդ որում, իրավաբանի խոսքերով, դեռևս հուլիսին Բաքուն ապարդյուն փորձում էր նման հաշվետվություններ չտրամադրելու թույլտվություն ստանալ ՄԻԵԴ-ից: Դա, անշուշտ, շատ կարևոր է ԿԽՄԿ գրասենյակի փակման և գերիների գրեթե լիակատար մեկուսացման պայմաններում, և մնում է հուսալ, որ նման հաշվետվությունը եզակի ակցիա չի դառնա:
Հոկտեմբերի 4-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդագրություն տարածեց Սպիտակ տնից ստացած նամակի մասին: Կոմիտեն այն անվանեց «նոր քաղաքականություն» և «Թրամփ-Վենսի վարչակազմի հայտարարություն Արցախին վերաբերող հարցերում աննախադեպ հանձնառության մասին»: Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Պետդեպարտամենտը.
-կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ապահովել տեղահանված էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ կայուն խաղաղության համատեքստում,
-ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին, ընդ որում Բաքվում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հնարավորության դեպքում ներկա են լինում դատական նիստերին,
-կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական ժառանգության օբյեկտները Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես նշեց ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, կազմակերպությունն աշխատում է այն ուղղությամբ, որ «ապահովի պարտավորությունների կատարումն աշխատակազմի կողմից, տեղում պաշտպանի հայերի իրավունքները և պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին հայ քաղաքացիների, կալանավորված անձանց և մշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունքի համար»: «Սա բեկում է, բայց իսկական աշխատանքը հիմա է սկսվում»,- ընդգծեցին կոմիտեում:
Նույն օրը՝ հոկտեմբերի 4-ին, Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD) հայտնեց, որ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Քարթհայզերը շտապ հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողովին՝ Բաքվում ընթացող «դատավարություններին» ներկա լինելու համար ԵՄ ներկայացուցիչների ուղարկելու հնարավորության վերաբերյալ: Լյուքսեմբուրգցի խորհրդարանականի իր խնդրանքը կապել է Կարմիր խաչի գրասենյակի փակման հետ, ընդգծելով, որ գերիներից մի քանիսի առողջական վիճակը վատացել է, նրանց մերժում են բուժօգնություն ցուցաբերել, բացակայում է կապն ընտանիքների հետ, նրանց պահում են մեկուսացման մեջ:
«Հաշվի առնելով այս զարգացումները և ԵՄ միջնորդական դերը տարածաշրջանում, ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու հանձնաժողովը՝ ապահովելու համար, որ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը Բաքվում (կամ այլ միջազգային դիտորդ) ներկա լինի հայ գերիների առաջիկա դատավարություններին, նպաստի ռիսկի տակ գտնվող գերիների շտապ և անկախ բժշկական հետազոտություններին»,- գրել է պատգամավորը, պահանջելով այդ գործողությունների կատարման հստակ ժամանակացույց։
ՀԵՇՏ Է ՆԿԱՏԵԼ, ՈՐ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ վերոնշյալ բոլոր շարժերը կապված են Հայաստանի իրավապաշտպանների, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Եվրոպայի Սփյուռքի կառույցների հետևողական գործունեության հետ: Այս կարևոր հաղորդագրություններից ոչ մեկի հետ հայաստանյան իշխանությունները և, մասնավորապես, փաշինյանական ԱԳՆ-ը որևէ առնչություն չունեն։
Այս համատեքստում ուշադրության է արժանի PassBlue պարբերականին այդ գերատեսչության մամլո քարտուղար Անի Բադալյանի տված հարցազրույցը։ Տարածաշրջանի և Հայաստանի իրողություններից անտեղյակ մարդուն դա կարդալիս կթվա, թե մեր երկրի արտաքին գործերն ուղղակի փայլուն են ընթանում, և հեռանկարները շատ պայծառ են։ Բադալյանն իրավիճակը նկարագրում է բացառապես վարդագույն երանգներով, մանտրայի պես անդադար կրկնելով, թե «խաղաղությունն արդեն հաստատված է», ինչպես նաև բացարձակ վստահություն է հայտնում վաշինգտոնյան հանդիպման ժամանակ հնչած բոլոր հայտարարություններին. ոչ միայն Թրամփի, այլև, ինչպես ենթադրվում է, Ալիևի։
Թե ինչի վրա է հիմնված այդ երիտասարդ տիկնոջ այդչափ անվերապահ լավատեսությունը, որը մի բառով անգամ չի հիշատակում ո՛չ 120 000 բռնի տեղահանված արցախցիներին, ո՛չ Արցախի հայկական ժառանգության հանդեպ աղաղակող վանդալիզմը, ո՛չ Հայաստանի ավելի քան 200 քառ.կմ ինքնիշխան տարածքի բռնազավթված լինելը մոտ չորսուկես տարի շարունակ, ո՛չ էլ Ադրբեջանի ողջ թափով սպառազինվելը, դժվար է ասել։ Դատելով հարցազրույցից՝ միմիայն Ալիևի «ազնվության» նկատմամբ հավատի, քանզի այլ փաստարկներ Բադալյանը պարզապես չունի։
Անդրադառնանք, սակայն, հարցազրույցի այն հատվածին, որտեղ խոսքը վերաբերում է գերիներին։ «Մենք ասում ենք, որ խաղաղությունը հաստատված է, բայց դա նշանակում է, որ այն կլուծի նաև հումանիտար խնդիրները։ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, և մենք այդ թեման քննարկում ենք առաջին հերթին Ադրբեջանի հետ։ Կան անհայտ կորածների հետ կապված խնդիրներ։ Այս հումանիտար խնդիրներն ընդհանուր պատկերի մասն են և, անշուշտ, կարող են նպաստել խաղաղության ամրապնդմանը, որը մենք հաստատել ենք»,- այսպես է նա պատկերացնում բարդագույն խնդրի «լուծումը»։
ԱՍԵԼ Է ԹԵ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄՆ» ԻՆՔՆԸՍՏԻՆՔՅԱՆ ԿԲԵՐԻ հումանիտար հարցերի լուծման։ Իսկ այն, որ Բաքուն մեկը մյուսի հետևից դատական խեղկատակություւններ է սարքում, որտեղ Հայաստանի հասցեին մեղադրանքներ են հնչում բազմաթիվ հանցագործությունների մեջ, որ գերիները դատապարտվում են երկարատև ազատազրկման, ենթարկվում խոշտանգումների, հուսահատությունից հացադուլ անում և զրկված են նույնիսկ ԿԽՄԿ այցելություններից, Բադալյանին, դատելով ամենից, ընդհանրապես չի հուզում։
Ավելին, այն պնդումը, թե գերիների թեման քննարկվում է «առաջին հերթին Ադրբեջանի հետ», հստակ վկայում է այն մասին, որ միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների հետ «աշխատանքը» հանգեցվել է ինչ-որ հանդիպումների ժամանակ ասվող հատուկենտ հերթապահ խոսքերի, և որ ԱԳՆ-ի մտքով անգամ չի անցնում դիմել որևէ երկրի՝ լիակատար մեկուսացման մեջ հայտնված գերիների հետ կապ հաստատելու հարցում օգնության համար։ Ոչ, սրանք աշխատում են միայն ցեղասպան ահաբեկչական պետության հետ, որը սաստկացնում է հայատյացության աստիճանը և բացահայտ, ամենօրյա ռեժիմով հայտարարում հայկական հողերի նկատմամբ տարածքային նկրտումների մասին:
…Ընդամենը երկու հանգամանք անցյալ շաբաթվա նորություններից: Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց, որ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան և, հնարավոր է՝ այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել որոշ հայ գերիների հետ: Եվ երկրորդ. Պետդեպարտամենտը հաստատեց, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները «հնարավորության դեպքում» ներկա են լինում Բաքվում ընթացող խայտառակ դատավարություններին։
Հռետորական, բնականաբար, հարց, որը, սակայն, հնարավոր չէ չտալ. ՀՀ ԱԳՆ-ի մտքով չի՞ անցել հարցնել Բաքու այցելած Եվրոպական կոմիտեի անդամներին և ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին մեր հայրենակիցների վիճակի մանրամասների մասին: Թե՞ «հաստատված խաղաղությունը» նման հարցեր չի նախատեսում, ճիշտ ինչպես Բադալյանի անգիր արած հանձնարարականները, որոնց շրջանակներից դուրս գալ նա ակնհայտորեն անկարող է։
Հ.Գ.- Հոկտեմբերի 2-ին նույն պարբերականում հրապարակվեց «Ռուբեն Վարդանյանի գործը. արդարադատության ծաղր» վերնագրով հոդված (https://passblue.com/2025/10/02/the–case–of–ruben–vardanyan–a–travesty–of–justice/), որի հեղինակը՝ Հասմիկ Եղյանը, երկար տարիներ աշխատել է ՄԱԿ–ում բարձր պաշտոններում (Սիրիայի հարցով հատուկ բանագնացի գրասենյակի ղեկավար և Անվտանգության խորհրդի գործերի վարչության տնօրեն):
Հարկ կա՞ արդյոք նշել, որ այս հոդվածը շատ ավելի պատկառելի է և անհամեմատ ավելի մեծ տեղեկատվություն է տրամադրում գերիների հարցում տիրող իրական վիճակի մասին, քան «ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի» ծավալուն և իր էությամբ դատարկ հարցազրույցը։