Логотип

Գերիների վերադարձը քաղաքական մեծամասնության օրակարգում չէ․ Լիլիթ Գալստյանն օրինակներ բերեց

Բաքվում պահվող և ապօրինի դատավարությունների միջով անցնող հայ գերիների վերադարձի, առհասարակ նրանց ճակատագրի հարցը քաղաքական մեծամասնության օրակարգում չէ։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։

«Այսօր ցեղասպան Ադրբեջանում կեղեքվում են և դատապարտվում են ռազմաքաղաքական ղեկավարներ, ովքեր Արցախի ու նաև Հայաստանի անկախության, անվտանգության համար են զոհասեղանին հայտնվել։ Թվում էր, թե պիտի Հայաստանի թե՛ ներքաղաքական, թե արտաքին քաղաքական օրակարգում մեր գերիների վերադարձի հարցը լիներ ամենաբարձր առաջնահերթությունը»,- ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ որքան էլ գործող իշխանությունները, այդ թվում՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի շուրթերով պնդեն, որ այս հարցը բարձրաձայնվում է բոլոր միջազգային հարթակներում, սակայն ոչ միայն ունենք «0 արդյունք», այլև քաղաքական մեծամասնությունը հայտարարում է, որ իրենց օրակարգն այլ է։

Գալստյանի խոսքով՝ դրա ապացույցներն էլ կան․ օրինակ, վերջերս Երևանում «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեին «Հայաստան» խմբակցության անդամների առաջարկած բանաձևին, որը վերաբերում էր նաև գերիների անհապաղ ազատ արձակմանը։ Դրան նախորդել էր Պորտուգալիայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում իր կողմից առաջարկված բանաձևը, որին ՔՊ-ականպատգամավորները չմիացան։

«Այդպես հստակ ազդանշան տալով նաև միջազգային հանրությանը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և ընդհանրապես գերեվարված ՀՀ քաղաքացիների, հայ մարդկանց ճակատագիրը բացարձակ քաղաքական օրակարգ չէ Հայաստանի համար։ Ավելի ոչ բարոյական վարքագիծ Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից Արցախի ուրացումից հետո դժվար է պատկերացնել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Sputnik Արմենիա