Գերմանական ձախակողմյան «Յունգե Վելթ» օրաթերթը ծավալուն անդրադարձ է կատարել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանավորումներին։
«Իշխանությունը ցանկանում է ազատվել քաղաքական հակառակորդներից»,-ԶԼՄ հետ զրույցում սել է իրավապաշտպան, Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Պարբերականը նշում է, որ վերջին երկու տարվա ընթացքում սա փոդքասթի վարողներին երկրորդ անգամ են կալանավորում «խուլիգանության» հոդվածով։
«Այս հանցանատեսակը գոյություն ուներ նույնիսկ խորհրդային ժամանակներում և կիրառվում էր այն դեպքերում, երբ այլ հանցագործություն չէր հայտնաբերվում։ Այդպես է նաև հիմա։ Ի վերջո, խոսքը վերաբերում է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հասցեին արված վիրավորական արտահայտություններին, որն ավելի վաղ նմանատիպ մեկնաբանություններ էր արել երկուսի մասին։ Ալեն Սիմոնյանը ոչ միայն սկսել է հետաքննությունը, այլև ինքը չի ենթարկվել իրավական պատասխանատվության։ Ավելին, նրանց ձերբակալել է ոչ թե ոստիկանությունը, այլ ներքին հետախուզությունը։ Վեճի իրական պատճառը, հավանաբար, «Իմնեմնիմի»-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն է»,-ԶԼՄ-ին ասել է իրավապաշտպանը։
Գերմանական լրատվամիջոցն անդրադարձել է նաև Antifake.am-ի լրագրողների ձերբակալությանը, տեխնիկական սարքավորումների՝ համակարգիչների, տեսախցիկների, նույնիսկ միկրոֆոնների և եռոտանիների առգրավմանը։
«Դրանք բռնագրավելու իրավական հիմքեր չկան։ Վերջին ամիսներին ձերբակալվել են նաև հոգևորականներ, քաղաքապետեր և փաստաբաններ։ Որո՞նք են դրա պատճառները։ Բռնաճնշումները և քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները միշտ էլ եղել են։ Սակայն, ի տարբերություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա կառավարության, նախորդ կառավարությունները զգույշ էին։ Եթե նրանք սխալ էին թույլ տալիս, քննադատության էին ենթարկվում արևմտյան լրատվամիջոցների և ՀԿ-ների մի ամբողջ խմբի կողմից։ Այժմ, աննախադեպ մասշտաբի բռնաճնշումների ալիքի պայմաններում, լռություն է տիրում։ Շատերի մոտ այն կարծիքն է, որ Արևմուտքը Փաշինյանին տեսնում է որպես իր մարդ։ Հետևաբար, նա կարող է անել այն, ինչ ցանկանում է»,-ասել է փաստաբանը պարբերականին տված հարցազրույցում։
